հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում Սյունքի 8 բնակավայրերի 982 հողամասեր հանրության գերակա շահ ճանաչվեցին

Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում Սյունքի 8 բնակավայրերի 982 հողամասեր հանրության գերակա շահ ճանաչվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում որոշեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը: 

Ծրագրի իրականացման շահը գերակայում է նշված տարածքների սեփականատերերի շահերի նկատմամբ,  քանի որ նպատակաուղղված է հաղորդակցության ուղիների, մասնավորապես համապետական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը:

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Ծրագրի շրջանակներում կառուցվող  ճանապարհահատվածի (այդ թվում՝ տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների) օտարման գոտու սահմաններում ներառված են ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի,  համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր (դրանց որոշ հատվածներ):

Նախագծով առաջարկվում է հաստատել օտարվող սեփականությունների օտարման գոտին և սահմանել, որ՝

1) օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 30-ն է:

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որի համակարգման ոլորտների շրջանակը, ի թիվս այլնի ներառում է նաև ճանապարհային ոլորտը:

Նախագծի ընդունման արդյունքում այդ ճանապարհահատվածների կառուցման համար անհրաժեշտ տարածքներն օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն Հայաստանի Հանրապետությանը:

  • Կիսվել: