կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ջարդված ողնաշարը. ինչպես խժռեցին «Հյուսիս-հարավ» մեգանախագիծը․ Factor.am

Հայաստանի ջարդված ողնաշարը. ինչպես խժռեցին «Հյուսիս-հարավ» մեգանախագիծը․ Factor.am

Կոմունիկացիոն մեգանախագիծ, որը հիմնովին կփոխեր Հայաստանի տրանսպորտային դեմքը, որը, սակայն, դարձավ մեգաչարաշահումների կծիկ։ Մեր պետությունը կդառնար Եվրոպան ու Ասիան կապող ճանապարհային որակյալ և գերարագ կամուրջ, եթե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կոռուպցիան չհոշոտեր տրանսպորտային «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը։ Նախորդ տասնամյակում ֆինանսական խոշոր չարաշահումներով, կատարված անորակ աշխատանքով, անպատասխանատու պետական կառավարմամբ ձախողվեց և անդունդի եզրին հասցվեց «Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է կոռուպցիան տապալում զարգացման ստրատեգիական ծրագիրը։ Չարաշահումների կծիկը գլորվում է մինչև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Հարուցված է տասնյակից ավելի քրեական գործ, հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք։ Պետությանը հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս։ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման այս տխուր ընթացքը հանգեցրել էր ծրագրի տապալման՝ պետությունը նետելով անկարողության փոսի մեջ։ Բայց ահա՝ թունելի վերջում լույս է նշմարվում։ Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին տրամադրել 2․6 միլիարդ եվրոյի աջակցություն՝ գրեթե մեկ տարվա պետական բյուջեի չափով։ Գումարի զգալի մաս՝ նվազագույնը 600 միլիոն եվրո, Եվրամիությունը տրամադրում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը։ Արդեն հայտնի է, որ եվրոպական աջակցություն ստանալու է Սյունիքի մարզը, ո՛չ միայն որպես առանձին վարչական միավոր՝ սոցիալական ծրագրերի տեսքով, այլ նաև որպես «Հյուսիս-հարավի» առանցքային տարածք։ Եվրոպական աջակցությամբ նախատեսվում է կառուցել Տրանշ 4-ն ընդգրկող Արտաշատ-Ագարակ 346 կիլոմետրանոց ճանապարհի ամենաթանկ և ամենադժվարին հատվածը։ Խոսքը Սիսիան-Քաջարան ճանապարհի թունելների, կամուրջների շինարարության մասին է։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությունը մեծ հույսեր է տալիս, որ տասնամյակ անց կիրագործվի Հայաստանի երրորդ հանրապետության ամենամասշտաբային նախագիծը։ Քաղաքացին կզգա բարձր ստանդարտների ավտոճանապարհով երթևեկելու օգուտները՝ Հայաստանի հյուսիսից հարավ ճանապարհը կկրճատվի 10-ից մինչև 5 ժամ, 35-40 տոկոսով կկրճատվի երթևեկության ծախսը։ Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

  • Կիսվել: