շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուշարձանների քարերը հանել, համարակալել և պահեստում են պահում. դատախազը՝ ոչնչացված 18 պատմամշակութային կոթողների մասին

Հուշարձանների քարերը հանել, համարակալել և պահեստում են պահում. դատախազը՝ ոչնչացված 18 պատմամշակութային կոթողների մասին

Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում 18 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, որոնցից միայն 3 մասին է տեղեկատվություն հայտնի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց դատախազ Աղավնի Մադոյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պուշկին 28, Պուշկին 11 եւ Արամի 36 հասցեներում գտնվող 3 հուշարձանի վերաբերյալ քանդման թույլտվության հետ մեկտեղ եղել է նաեւ նախագծման թույլտվություն:

 

«Արամի 36, Պուշկինի 28, Պուշկինի 11 հասցեների հուշարձանների ճակատային երեսաքարերը չափագրվել, համարակալվել են, կազմվել է ճակատային մասի վերականգնման նախագիծ, ինչպես նաեւ՝ կնքվել պահատվության պայմանագրեր, որոնցով սահմանվել են հուշարձանների վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետներ»,- նշում է դատախազը:

Սակայն, թե ինչո՞ւ դրանք 20 տարուց ավելի է՝ չեն վերականգնվել կամ արդյոք առհասարակ պիտանի կլինե՞ն մեկ այլ վայրում վերակառուցելու, Աղավնի Մադոյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, կպարզվի քննությամբ:

Հուշարձաններից մեկի մասին տեղեկատվություն տրամադրելիս դատախազը, որպես օրինակ, նշում է Արամի 36 հասցեի ճակատագիրը:

2008 թվականի «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության եւ մշակույթի նախարարության լիազոր մարմնի միջեւ կնքվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի օգտագործման պահպանման պարտավորագիր, որով սահմանվել է այդ հուշարձանի վերականգնման նախատեսվող աշխատանքների կատարման ժամկետը. սկիզբը նշվել է 2009 թվականը մարտի 10-ը, ավարտը՝ 2010 թվականի մարտի 10-ը:

Մինչդեռ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի գրությանը կից ներկայացված տեղեկանքից պարզ է դարձել, որ նշված պարտավորագրով պահպանման ենթակա՝ Երեւանի Արամի փողոցի 36 հասցեում գտնվող Գեղամ Թադեւոսյանի տունը չի պահպանվել: Ըստ հավաստի տեղեկատվության՝ այդ հասցեի հուշարձանի քարերը պահեստային տարածքներից մեկում են պահվում:

Դատախազի հաղորդմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ոչնչացված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները գտնվել են Պուշկին 25, Պուշկին 14, Պուշկին 15, Պուշկին 11, Պուշկին 28, Պուշկին 23, Պուշկին 34, Պուշկին 19, Արամի փողոցի 38, Արամի 36, Արամի 34, Աբովյան 1/4, Թումանյան փողոցի 21/4, Թումանյանի 23/1, Տերյան փողոցի 35, Տերյանի 31, Տերյանի 29, Տերյանի 27, Տերյանի 23 եւ 25, Հին Երեւանցու 37 հասցեներում:

«6 հուշարձան ՀՀ կառավարությունը 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ ընդգրկել է հաստատված՝ Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, մնացած 13 հուշարձան-կառույցները ընդգրկված են եղել ՀՀ կառավարությանն առընթեր՝ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության պետի՝ 1990 թվականի հաստատած՝ Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցուցակում»,- հայտնում է նա՝ հավելելով՝ դրանցից մասնակիորեն պահպանվել է միայն Երևանի Պուշկինի 25 հասցեում գտնվող հուշարձանը:

Դատախազը նաեւ հավելում է՝ կատարված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2000-2010 թթ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք դրսեւորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման եւ հսկողության իրականացման գործառույթները:

Այդ տարիներին Երեւանը 4 քաղաքապետ է փոխել.

1999-2001 թթ. Երեւանի քաղաքապետն է եղել Ալբերտ Բազեյանը, 2001-2003 թթ.՝ Ռոբերտ Նազարյանը, 2003-2009 թթ.՝ Երվանդ Զախարյանը, իսկ 2009-2010 թթ.՝ Գագիկ Բեգլարյան:

Այդ տարիներին Հայաստանը փոխել է 5 մշակույթի նախարար.

1998-2003 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարն է եղել Ռոլանդ Շառոյանը, 2003-2004 թթ. ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն է եղել Թամար Պողոսյանը, 2004-2006 թթ. Հովիկ Հովեյանը, 2006 թվականի փետրվարի 2-ից մայիսի 22-ը՝ Գեւորգ Գեւորգյանը, իսկ 2006-2016 թթ.՝ Հասմիկ Պողոսյանը:

«Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութություն) եւ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով (Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ: Դատախազությունը չափազանց ուշադիր է պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի ճշգրիտ պահպանմանը, ցանկացած ոտնձգություն կարժանանա քրեաիրավական համապատասխան գնահատականի»,- շեշտում է դատախազը:

Մադոյանի փոխանցմամբ՝ վերոնշյալի ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ գործով արդեն նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: