հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հուշարձանների պահպանման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ

Հուշարձանների պահպանման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ

2022 թ. հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այս տարի հուշարձանների վերականգնմանն առնչվող աշխատանքները բազմաթիվ են՝ ուսումնասիրություններ, պեղումներ, նախագծեր, բուն վերականգնման աշխատանքներ:

«2022 թվականի պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 108 մլն դրամ, որից հետո ՀՀ կառավարության որոշմամբ հավելյալ հատկացվել է ևս 128 մլն դրամ՝ ուղղված դրանց ուսումնասիրմանը, պեղումներին, նախագծմանն ու ամրակայմանը, կարելի է ասել, հուշարձանների վերականգնման ողջ փուլին՝ առաջին քայլից մինչև վերջին քայլը: Այդ շղթայի մեջ նախատեսված են նաև պեղումներ Տավուշի բերդում. աշխատանքները սկսվել էին 2020-2021 թվականներին և կշարունակվեն այս տարի: 2022 թվականին պեղումներից հետո և դրանց զուգահեռ պետական միջոցների հաշվին կիրականացվեն ամրակայման, վերականգնման նախագծի կազմման աշխատանքներ. արդյունքում արդեն հաջորդ տարիներին հնարավոր կլինի վերականգնել ամրոցի պարիսպների վնասված մասերը, պեղումներով հայտնաբերված շինություններն ու դրանց պատերը, ինչպես նաև տարածքի եկեղեցին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և հավելել, որ պեղումներ են նախատեսված նաև Լոռու մարզի Լոռի բերդ-ամրոցում. պեղումները կկենտրոնացվեն հատկապես պարսպապատերի ներքին հատվածներում, որոնք դեռևս չեն պեղվել:

«Այդ պեղումները կիրականացվեն նաև բաղնիքներից մեկի տարածքում: Այսինքն՝ հաշվի է առնվել Կառավարության ծրագիրը, Կառավարության այն մոտեցումը, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բերդերին, ամրոցներին՝ որպես պետականության սիմվոլների, և այդ համատեքստում կան նախատեսված աշխատանքներ մի քանի ամրոցների համար: Քննարկվում է նաև այլ միջոցների հաշվին Ամբերդում որոշակի աշխատանքների իրականացման հարցը: Պեղման աշխատանքների մեջ է մտնում նաև Սրվեղի վանքի տարածքը, դրա հիման վրա կկազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը: Աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականին և այժմ եղանակային բարենպաստ պայմանների առկայության պարագայում կշարունակվեն»,- ասել է Հ. Վանյանը:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ համատեղ ուժերով կվերականգնվի Լոռու մարզի Ամրակից գյուղի՝ վթարային վիճակում գտնվող ռուս ուղղափառ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին: Պետությունը գումար է տրամադրել հուշարձանի վերականգնման նախագծի իրականացման համար, իսկ վերականգնման աշխատանքների համար բանակցություններ են ընթանում՝ ռուսաստանցի գործարարների միջոցներով դրանք իրականացնելու համար:

2022 թ. համար մրցութային կարգով պայմանագրեր են կնքվել Գոշավանքի Սուրբ Աստվածածին և Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների տանիքների նորոգման, Քոբայրավանքի սեղանատան վերականգնման համար։ Հայտարարված է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը։

«2022 թվականին նախատեսվող հուշարձանների բուն վերականգնման աշխատանքներից կարող եմ նշել Տավուշի մարզի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքների մի հատվածի ծածկասալերի փոփոխման աշխատանքները: Կշարունակվի Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքների ծածկասալերի վերանորոգման և փոփոխման աշխատանքը, որը նույնպես մեծ նախագծի մի մաս է, և հույս ունենք, որ 2023 թվականի հատկացումների հաշվին այդ աշխատանքներն արդեն կավարտենք: Կիրականացվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի վերականգնման փուլը, որի աշխատանքները կիրականացվեն 2022-2024 թվականներին: Մասնակի կվերականգնվի Քոբայրավանքի սեղանատունը, որի աշխատանքները կսկսվեն գարնանը: Նախատեսված են հատկացումներ Լոռու մարզի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցու ամրակայման, վերականգնման նախագծի համար: 2020 թվականին այնտեղ իրականացվել են պեղման, ուսումնասիրման, չափագրման աշխատանքներ, որովհետև եկեղեցին մասնակի փլուզված է, և բազմաթիվ բեկորներ կան, որոնք վերականգնումից առաջ պետք է ուսումնասիրվեն»,- ասել է Վանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ տրամադրված գումարները երկարամյա պլանավորում են պահանջում՝ հաշվի առնելով հուշարձանների բարդությունը և հասանելիությունը: Այս համատեքստում որպես օրինակ նշել է Բարձրաքաշի եկեղեցին, որին հասնելու համար կա միայն լեռնային կածան, և վերականգնումը սկսելու համար պատվիրվել է նաև մոտեցման ճանապարհի նախագիծ: Այսինքն, բարդությունները հաշվի առնելով՝ նախատեսվող ծրագրերը կարող են տևել տարիներ։

Անդրադառնալով պետություն-մասնավոր հատված համագործակցությանը՝ Հարություն Վանյանն ընդգծել է, որ կան նաև նոր սկսվող և շարունակական մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն բարերարների միջոցների հաշվին: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցին, որի վերականգնումը անցած տարի ընթացքի մեջ էր, կշարունակվի նաև այս տարի: Բարերարի միջոցներով 2022 թվականին կմեկնարկեն Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանքի և Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները, և այս շարքը շարունակական է:

2022 թվականին հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման ոլորտում նախատեսված աշխատանքները

• Լոռու մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցու նորոգման, ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծ,
• Տավուշի մարզի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքներ,
• Լոռու մարզի Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքներ,
• Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներ,
• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի պարսպապատի հարավարևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ,
• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի պարսպապատի հարավարևմտյան հատվածի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի եկեղեցու (քաղաքացիական կառույց) ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի առաջին բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի երկրորդ բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• ՀՀ Լոռու մարզի Ամրակից համայնքի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Սրվեղի վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,
• ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պեղումներ,
• ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։

  • Կիսվել: