ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունաստանի ԱԳ նախարար․ «Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում»

Հունաստանի ԱԳ նախարար․ «Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում»

Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, եթե չլինի ճնշում և սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Աթենքում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ermenihaber.am-y: 

Դենդիասը նշել է, որ Թուրքիայի հետ ունեցած իրենց միակ խնդիրը մայրցամաքային շելֆի (ծանծաղուտ) և ծովային իրավասությունների սահմանների հարցն է։

Լայան էլ նշել է, որ Աթենք ժամանելուց առաջ Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած հանդիպումից տպավորություն է ստացել որ Թուրքիան ցանկանում է երկխոսել Հունաստանի հետ։

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահականի խոսնակը Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ իրենք նախագահ Էրդողանի հրահանգների շրջանակներում պատրաստ են առանց նախապայմանների Հունաստանի հետ երկխոսել Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի, կղզիների, օդային սահմանի, Թուրքիայի կողմից արևելյան Միջերկրական ծովում անցկացվող չհամաձայնեցված նավթի ու գազի որոնողական աշխատանքների ու Միջերկրականում եղած խնդիրների մասին։ Վերջինս ավելացրել էր նաև, որ Թուրքիայի կողմից այդ շրջանում (Միջերկրականի արևելքում-խմբ․) իրականացվող գործողությունները կարող են որոշ ժամանակով դադարեցվել։

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական կղզիների տարածքային ջրերի մոտ Թուրքիայի կողմից նավթագազային պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։ 

 

  • Կիսվել: