երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրաժարվե՛ք ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից․ Խաչիկ Ասրյան

Հրաժարվե՛ք ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը կոչ է անում հրաժարվել դրամաշնորհներից։ Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սույն թվականի մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Պետդեպարտամենտը, պատրաստվում է շարունակել Հայաստանում իր ազդեցության գործակալների խրախուսման և նոր ազդեցության գործակալների ցանց ստեղծելու աշխատանքն, ու, այդ նպատակով, հատկացվում են միլիոնավոր դոլարներ:
Բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն կծառայեն հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանն, այսինքն՝ Հայաստանում կծառայեն Ամերիկայի շահերի սպասարկմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան դրամաշնորհ՝ մինչև 150 հազար դոլարի չափով:

Ամերիկան, իր տված ամեն մի ցենտի դիմաց, պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային ու պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և Հայ ժողովրդի գոյության դեմ: Նման դրամաշնորհների արդյունքում՝ ստեղծված գործակալական ցանցը 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում իրականացրեց պետական հեղաշրջում, որի արդյունքում Հայաստանն արդեն հայտնվել է անդունդի մեջ. մենք կորցրել ենք Արցախն ու 5 հազարից ավելի հայորդիների, ունենք 10 հազարից ավելի վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերեվարվածներ, որոնց ճակատագրով, պետական մակարդակով, որևէ մեկը չի զբաղվում:
Ամերիկյան գործակալական ցանցն է, որ, գրեթե երեք տարի շարունակ, Հայաստանում ոչնչացնում է մեր պետականությունն, անհաշտ պայքար է սկսել մեր ազգային ինքնության, լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի դեմ, երեք տարի շարունակ քարոզում և գովազդում է այլարսերվածություն և ապազգային բարքեր, որոնց արդյունքում արդեն ձևավորվել է հակահայերի մի ոհմակ, որոնց համար Հայոց հայրենիքն, ազգն ու պետությունը ոչ մի արժեք չունեն, որոնց համար մեծագույն ձեռքբերումն իրենց ֆիզիկական գոյությունն է, իսկ ապրելու իմաստն՝ իրենց տերերին ծառայելը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը կոչ է անում հրաժարվել այդ գայթակղությունից, հրաժարվել այդ գումարը վերցնելու և սեփական ազգի ու պետության դեմ ծառայելու պարտադրանքից:
Յուրաքանչյուր Հայ մարդ պետք է հասկանա, որ ինքն անցողիկ է, իսկ Հայրենիքն ու Հայաստանը մնայուն արժեքներ են:

Թույլ մի տվեք, որ սերունդները ձեր անունը հիշեն նզովքով ու արհամարհանքով»։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: