հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրատապ խորհրդակցություն հրավիրեք, կանչենք գործադիրին. Միքայել Մելքումյանը՝ ԱԺ նախագահին

Հրատապ խորհրդակցություն հրավիրեք, կանչենք գործադիրին. Միքայել Մելքումյանը՝ ԱԺ նախագահին

«Կորոնավիրուսով պայմանավորված վերջին ցուցանիշները մեր հանրապետությունում ստեղծել են բարդագույն իրավիճակ, և խորհրդարանը չի կարող անտարբեր մնալ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, չեն կարող չքննարկել, թե ինչ է կատարվում երկրում, երբ հարյուրներով վարակակիրներն ավելանում են, գագաթնակետին չեն կարողանում մոտենալ և չեն էլ իմանում, թե ինչ է սպասվում:

«Երբ մարտի կեսերին մեր քաղաքական ուժը զգուշացնում էր, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել, ես հատուկ պարոն վարչապետին հարցով դիմեցի, թե ինչ սցենար եք նախատեսում, որովհետև այն գումարները, որ նախատեսում եք, շատ փոքր են: Ասաց՝ 1-2 ամիս, մյուսը վատատեսական սցենար է: Հիմա պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք  վատատեսական սցենարի մեջ: Դա նշանակում է, որ խորհրդարանը պետք է արտահերթ հավաքվի, քննարկի, բաց կամ փակ, և տեսնենք՝ ի վերջո, պատասխանատվության ինստիտուտ կա, թե ոչ։ Ուզում եմ պարզ հարցադրում անել՝ արդյոք բոլոր նախարարները իրենց գործունեությունը կատարում են գերազանց: Եթե կատարում են գերազանց, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, դրանց պատասխանատվության հարցը պետք է քննարկենք, ինչո՞վ են զբաղված»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։

Նա թվարկեց այն երկրները, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը։

«Սլովենիա, Վիետնամ, Վրաստան. ոնց է եղել, որ նրանք խուսափել են՝ կոնկրետ գործիքներ կիրառելով: Ով ինչ չի արել, մենք պետք է իմանաք: Հիմա ժամանակն է, որ այդ պատասխանատվության ինտիտուտը գա: Կառավարության նախատեսած սցենարը չեղավ, հիմա չկա՞ վերանայում, թե ինչ չեն արել: Այն ձևաչափերը, որ կառավարման հակաճգնաժամային համակարգը գործում է, ես հստակ համոզված եմ, որ ձախողված, տապալված համակարգ է: Դա պետք է վերանայել, քանի ուշ չի, այլապես մենք վերահսկողությունից դուրս ենք թողել պրոցեսը։ Հայ ժողովուրդ, Ձեզ համբերությունմ Աստված մեզ բոլորս պահապան»,- ասաց պատգամավորը։

Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ պետք է կոնկրետ հրատապ քայլեր իրականացվեն։

«Ինչո՞ւ մարտի կեսերին չարեցինք այն բաները, որ հիմա ուզում են անել: Երբ ասում են՝ ժողովրդի գիտակցությունն այսպես է, այնպես է, դա հասկանալի է, բոլոր ժողովուրդների մեջ էլ կա, բայց մե՞նք ինչ ենք անում։ Ես հիմա դիմում եմ ԱԺ նախագահին, որ բոլոր խմբակցություններին հրատապ խորհրդակցության հրավիրի, կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում: Մենք ռեալ պետք է խառնվենք էս գործերին»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

  • Կիսվել: