շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ». Հաջորդը Դավիթ Տոնոյանն է. նա իշխանությանը փորձում է համոզել, որ հուսախաբ չի անի

«Հրապարակ». Հաջորդը Դավիթ Տոնոյանն է. նա իշխանությանը փորձում է համոզել, որ հուսախաբ չի անի

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:

Երկրի անվտանգությունը և սահմանները պաշտպանելու համար ամենևին էլ կարիք չկա երկու տարին մեկ այդ մասին բարձրաձայնել: Փաստացի պատերազմական իրավիճակը ենթադրում է ամենից առաջ խիստ գաղտնապահություն: Կարճ ասած, պաշտպանության և բանակաշինության ասպարեզներում ավելի շատ պետք է գործել, քան խոսել:

Հիմա երևի Ադրբեջանի ռազմական փորձագետները բառ առ բառ քննում են Տոնոյանի տեսլականը: Պաշտպանության նախարարը հազիվ թե չգիտի, որ իր ցանկացած միտք ոլորտի մասնագետներին որոշակի տեղեկատվություն է փոխանցում: Եվ եթե գնացել է սեփական պատկերացումները կիսելու ճանապարհով, ուրեմն բավականին ծանրակշիռ պատճառ է ունեցել:

Վերջին իրադարձությունների կոնտեքստում և դատելով հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, դա մեկն է՝ վարչապետ Փաշինյանին հավաստիացնել, որ պաշտպանության նախարարությունը չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, և ինքը երաշխավորում է բանակի չեզոքությունը:

Այլ կերպ ասած, դա տեսլական է քաղաքական դասավորությունների տեսլականի մասին, որտեղ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է իրեն և հավատացնում է, որ ինքը հուսախաբ չի անի:

Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը դրանում համոզվի: Դատելով նաև լուրերից, որ հաջորդ պաշտոնանկությունը կատարվելու է ՊՆ-ում, և նախարարն է լինելու հրաժեշտ տվողը, առավել ինտրիգային է դառնում այս 15 էջանոց փաստաթղթի հրապարակումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: