հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հիմա ինձ ժողովուրդը չի ընտրել, ամբողջ օրը ցույց կազմակերպե՞մ. Մարուքյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Հիմա ինձ ժողովուրդը չի ընտրել, ամբողջ օրը ցույց կազմակերպե՞մ. Մարուքյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ընդդիմության կողմից օրեր շարունակ իրականացվող ակցիաները նրանց իրավունքն է, սակայն, ըստ քաղաքական գործչի, խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը իր ընտրությունը կատարել է:

«Գիտեք, մենք հինգ տարով մանդատ էինք ստացել ժողովրդից, որ լինենք խորհրդարանում:  Մենք մեր մանդատները վայր դրեցինք, գնացինք արտահերթ ընտրությունների, որ ճգնաժամը հաղթահարվի: Իրենք բոլոր հնարավորությունները ունեին ասելու և ասել են ամբողջ ուժով: Այսօր լրատվամիջոցների քանի՞ տոկոսն է իրենց պատկանում: Ընտրությունների արդյունքներով ձևավորվել է խորհրդարանական իշխանություն և ընդդիմություն: Մենք դուրս ենք մնացել խորհրդարանից, նրանք անցել են: Հիմա ժողովուրդը նրանց ընդդիմադիր մանդատ է տվել, որ գործ անեն: Պարզ է, շատերը  այդ մանդատը տվել են իշխանությանը հեռացնելու նպատակով, նրանցից շատերը մասնակցել են, որ ուղղակի իշխանության գան, ոչ թե ընդդիմություն աշխատեն: Բայց այսպես է ստացվել, դա է ժողովրդի որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ իր կուսակցությունը ընտրություններում ժողովրդի այդ որոշման հետ հաշվի են նստել:

«Որևէ մեկը չի կարող հաշվի չնստել: Սա է արդյունքը: Կան ընտրության արդյունքներ, կան ձևավորված իշխանություն և ընդդիմություն իրենց  բոլոր մեխանիզմներով: Մնացածը նրանց իրավունքն է, կարող են ցույցեր անել, երթեր անել»,- ընդգծեց Մարուքյանը:

Մարուքյանը հիշեցրեց, որ 2021 թվականի մայիսին խորհրդարանական ուժերով պայմանավորվել էին ցրել խորհրդարանը և ցրեցին, գնացին արտահերթ ընտրությունների:

«Թող գային իշխանության: Ժողովուրդը չի բերել իրենց իշխանության, իրենց չի ընտրել: Հիմա ինձ չեն ընտրել, ի՞նչ անեմ, ամբողջ օրը ցույց կազմակերպե՞մ, որ չեմ անցել: 17 մանդատ ենք ունեցել, հիմա որևէ մանդատ չունենք, բայց ընդունել ենք: Մեր ժողովուրդն է որոշել, վերջ ժողովուրդը որոշել է, շարժվում ենք առաջ: Կլինեն հաջորդ ընտրությունները, մենք կգանք էլի մեր հայտով, ժողովուրդը կորոշի: Ամեն ընտրություններում ունեցած անհաջողություններից հետո ճանապարհներ փակե՞նք»,- ընդգծեց Մարուքյանը:

 

  • Կիսվել: