կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ-ի նկատմամբ բացասական կարծիքի աճ կա. ՄՀԻ-ի հարցման արդյունքները

ՀՀ-ում ՌԴ-ի նկատմամբ բացասական կարծիքի աճ կա. ՄՀԻ-ի հարցման արդյունքները

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, հայերեն հապավումը՝ ՄՀԻ - խմբ․) հարցումների հետազոտության կենտրոնի՝ ՀՀ-ում անցկացված համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիների շրջանում Ռուսաստանի նկատմամբ բացասական տեսակետների աճ կա։ Բացի այդ, հայաստանցիները մեծապես սատարում են ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերվող աջակցությանը։

«ՄՀԻ-ի հարցումը ցույց է տվել, որ հասարակության 66%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները բացասական է գնահատում, մինչդեռ 2023թ. մարտին նույն կարծիքին էր 49%-ը»,- ասել է ՄՀԻ-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը:

Հարցումը ցույց է տվել նաև, որ հայաստանցիների 73%-ը սատարում է նրան, թե ինչպես է ՀՀ կառավարությունը գործում փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակում: «Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները նոր մարտահրավերներ ստեղծեցին Հայաստանի համար՝ վերջին մի քանի տարիների ընթացքում փախստականների հոսքով», - ասել է Նիքսը,- «Մեր տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը գոհ է, թե ինչպես է կառավարությունը գործում այս իրավիճակում և ավելի ու ավելի է հավատում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»:

Բացի այդ, Հայաստանում ավելի շատ մարդիկ են լավատեսորեն վերաբերվում երկրի արտաքին ուղեգծին․ ՄՀԻ-ի վերջին հարցման համաձայն, հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն ճիշտ ուղղությամբ է շարժվում, մեծահասակների 50%-ը դրական է պատասխանել։ Մեթոդաբանություն Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից:

Տվյալները հավաքագրվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ամբողջ Հայաստանում հեռախոսով անցկացված հարցախույզների միջոցով, 18 և բարձր տարիքիՀՀ մշտական 1508 բնակչի շրջանում։

  • Կիսվել: