շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անընդունելի է համարել Արցախի շրջափակումը և հայերին խաղաղություն մաղթել 2023 թվականին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անընդունելի է համարել Արցախի շրջափակումը և հայերին խաղաղություն մաղթել 2023 թվականին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Ամանորի շնորհավորական ուղերձում հայ ժողովրդին մաղթել է 2023 թ. խաղաղության վերականգնում:

"Քանի դեռ Եվրոպան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմի և լարվածության պահպանմամբ, ես ցանկանում եմ, որ 2023 թվականին վերականգնվի խաղաղությունը, որպեսզի մեր երիտասարդները կարողանան վերջապես լիովին նվիրվել իրենց ապագայի կերտմանը և ժողովրդավարության ու կայուն զարգացման ամրապնդման մարտահրավերների հաղթահարմանը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարին զուգահեռ",-գրել է դեսպանը:

Նա նշել է, որ 2022 թվականը ևս մեկ ծանր տարի էր Հայաստանի համար, երբ տեղի ունեցան մի քանի արյունալի ներխուժումներ նրա ինքնիշխան տարածք, որոնք Ֆրանսիան վճռականորեն դատապարտեց։

"Ֆրանսիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը։

Այդ նպատակով նախագահ Մակրոնը վճռականորեն աջակցել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության ծավալմանը, ինչը նվազեցրել է լարվածությունը",-ընդգծել Է դիվանագետը։

Նա հայտարարել է, որ 2023 թվականին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ համակարգմամբ և բազմակողմ միջոցառումների շրջանակներում։

"Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակմանը, ապա դա անընդունելի է եւ հղի է լուրջ հումանիտար հետեւանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար", - նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան անհապաղ կոչ է արել շուտափույթ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի խոչընդոտները և հիշեցրել է Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մասին։

"Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահպանի իր իրավասությունն այս հարցում եւ, հաշվի առնելով իրավիճակը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողանա այդ թեմայով միաձայն արտահայտվել",-ընդգծել է Լույոն:

Նա հիշեցրել է, որ 2022 թվականը երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ինտենսիվ փոխանակումների տարի էր և նշել, որ այդ երկկողմ շփումները կշարունակվեն 2023 թվականին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: