ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակության հետ:

Նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի շահագրգռվածությունը, ինչի վկայությունն է Մեխիկոյում 2014 թվականից Հայաստանի գործող ռեզիդենտ դեսպանությունը։ Մտքեր են փոխանակվել հայ-մեքսիկական հարաբերությունների, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման հեռանկարների և միջխորհրդարանական համագործակցության շուրջ։ 

Բերենիսե Խուարես Նավառետեն, միջխորհրդարանական կապերի սերտացմանը զուգահեռ, շեշտել է առևտրատնտեսական և կրթամշակութային համագործակցության զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեին: Պարույր Հովհաննիսյանը մեքսիկացի օրենսդիրներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: Հարցի առնչությամբ հայցվել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի գործուն աջակցությունը տվյալ ճգնաժամի մասին միջազգային համապատասխան հարթակներում բարձրաձայնելու և ադրբեջանայկան գործողությունները հասցեական դատապարտելու համար։

Ներկայացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներ։

 

  • Կիսվել: