հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան Հայաստան․ Վարդևանյան

Հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան Հայաստան․ Վարդևանյան

Իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնխագահը՝ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ են Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Հայաստանում ներդրումներ չեն գալիս: Այս մասին, այսօր Սահմանադրության օրը, «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա հեգնանքով շարունակեց. «Այսինքն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ մուտք էին գործում ՍԴ կայք, տեսնում էին ՍԴ կազմը, կառուցվածքը եւ հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեւական ժամանակ արդեն ՍԴ նախագահ չէ, մենք այդ ներդրումները չտեսանք: Բայց ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան: Այդ հայտարարությունից հետո չեք նկատե՞լ, որ բանկային համակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գան, Հայաստանում ներդրումներ անեն:

Իսկ եթե լուրջ, ապա մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. 2020-ի նոյեմբերի 9-ից այլեւս մի անհաղթահարելի իրավիճակում ենք: Դա այն օրն էր, երբ իշխանություն, հասարակություն, Սահմանադրություն ջրբաժան գծվեց:

Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել եւ դրանից րոպեներ անց ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երեւանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսել Սահմանադրության մասի՞ն:

Իսկ այն, թե ինչ վիճակում է ՍԴ-ն եւ ինչպիսին է լինելու, եւ առհասարակ Սահմանադրությունը… ես ուզում եմ հիշենք, թե  1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, սահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,- հայտարարեց Վաևրդեւանյանը:

  • Կիսվել: