հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հեղափոխության ճանապարհը հեշտ չէ․ Արման Բաբաջանյան

Հեղափոխության ճանապարհը հեշտ չէ․ Արման Բաբաջանյան

Ինքնիշխանության ու անկախության պաշտպանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է ու անայլընտրանք։ Քրեաօլիգրախիայի ոչնչացումն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն և ուղղակիորեն առնչվում է Հայաստանի սուբյեկտայնությանն ու անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ անկախ ատագամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Սիրելի հայրենակիցներ,

Հեղափոխության ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարը, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է Հայաստանի ինքնիշխանության դեմ ճակատ կազմած արտաքին ուժային կենտրոններից մեկի, այնտեղ դարանակալած օլիգարխիայի և Հայաստանում օլիգարխատի գլխավորած նախկին պաշտոնյա հանցագործ ռևանշիստների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանի, քրեաօլիգարխիկ, քվազիֆեոդալական կարգերը վերադարձը:

Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է քաղաքականության, տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ մրցակցությունը, հավասար հնարավարությունների իրացումը։ Օլիգարխիան այդ իմաստով հակապետական, հակահասարակական սուբստանցիա է, որի թիրախը արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե հեղափոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետությունը և մենք բոլորս՝ հայ ժողովուրդը։

Ինքնիշխանության ու անկախության պաշտպանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է ու անայլընտրանք։ Քրեաօլիգրախիայի ոչնչացումն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն և ուղղակիորեն առնչվում է Հայաստանի սուբյեկտայնությանն ու անկախությանը։

Այս գիտակցումը պետք է դառնա առաջիկայում բոլոր ազնիվ, ժողովրդավար ուժերի և անհատների միավորման ալգորիթմը: Մենք կարող ենք քաղաքական զանազան հարցերի վերաբերյալ տարբեր գաղափարախոսություններ ու մոտեցումներ ունենալ, բայց մեզ բոլորիս պետք է միավորի Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության սրբազան գաղափարը։

Եթե մենք կարողանանք այս գերնպատակը վեր դասել մեր բոլոր գաղափարախոսական ու ծրագրային տարբերություններից, ապա այդ տարբերությունները մեզ ոչ թե կխանգարեն, այլ հակառակը՝ կօգնեն գտնելու ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու անցնցում և արդյունավետ ուղիները:

Հայաստանում բոլոր քաղաքական դաշինքները ձախողել են նաև գաղափարախոսական տարբերությունների պատճառով: Անհրաժեշտ է ստեղծել ոչ թե գաղափարախոսական, այլ մեր ինքնիշխանության գաղափարին ստորադասվող գաղափարախոսությունների դաշինք, ինչը ստեղծված իրավիճակում մեզ հնարավորություն կտա մեր տարբերությունները ծառայեցնել մեկ միասնական՝ քսանամյա դժվարագույն պայքարի արդյունք՝ հեղափոխության հաղթանակի, Հայաստանի հաղթանակի կենսագործմանը»,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: