հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն` մասնակցելու Վիետնամ ԷՔՍՊՕ-ին. դեսպան

Հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն` մասնակցելու Վիետնամ ԷՔՍՊՕ-ին. դեսպան

Փետրվարի 3-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում կայացավ Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշեց, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծեց այլ բնագավառներում, մասնավորապես՝ առևտրա-տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորեց նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձավ հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշեց, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի Վիետնամ ԷՔՍՊՕ-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

Հանդիպմանը մասնակցում էին ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:

 

  • Կիսվել: