հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական կողմը պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ ցանկացած հարց, բայց կարևորագույն նախապայմանը նախապայմանների բացակայությունն է. Աղաջանյան

Հայկական կողմը պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ ցանկացած հարց, բայց կարևորագույն նախապայմանը նախապայմանների բացակայությունն է. Աղաջանյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի դիրքորոշումը բավականին կոնստրուկտիվ է, որը կայանում է հետևյալում․ կրկնում եմ՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել, ըստ էության, ցանկացած հարց, բայց կարևորագույն նախապայմանը նախապայմանների բացակայությունն է՛՛:

Խոսելով այն մասին, թե որքանով է տրամաբանական և նպատակահարմար սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային ուղիների բացման, խաղաղության պայմանագիրը մեկ փաթեթով քննարկելը՝ Էդուարդ Աղաջանյանն ասել է․ ՛՛Իմ կարծիքով՝ նպատակահարմար չէ, դրա արդյունքում գործընթացը էլ ավելի կոմպլեքս կդառնա։ Եվ եթե տվյալ պարագայում գործընթացները առնվազն գործառնական առումով իրարից անկախ են եղել, այդ պարագայում, կարծում եմ, մի գործընթացը կսկսվի մյուսով պայմանավորվել, ինչը բնականաբար էլ ավելի կբարդացնի վերջնական համաձայնության գալու հավանականությունը՛՛:

Նա հավելել է, որ  Հայաստանն այժմ սպասում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի արձագանքին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու վերաբերյալ իր դիմումին։

Աղաջանյանի խոսքով՝  դա շատ կարևոր նախաձեռնություն է: ՛՛Խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները և առհասարակ երկխոսությունը տեղի են ունենում ծայրահեղ անվստահելի, կամ, եթե կուզեք, վստահության մթնոլորտի բացակայության պայմաններում։ Եվ դա ունի շատ հստակ պատճառներ՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը մշտապես խնդիրներ է առաջացրել բոլոր հայտարարություններից բխող պարտավորությունների կատարման հարցում։

Ըստ Աղաջանյանի՝ Հայաստանը պետք է առավելագույնը անի, որպեսզի հասնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

՛՛Բայց այս օրակարգը միայն մենք չէ, որ պետք է սպասարկենք։ Եվ այն իրավիճակը, որն այսօր առկա է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում մնացած խաղացողները, և տվյալ պարագայում Ադրբեջանը, ևս պետք է իրապես շահագրգռված լինի իրական խաղաղության հաստատմամբ։ Մեր առաքելությունը կայանում է նաև նրանում, որ մենք Ադրբեջանին ներքաշենք այս օրակարգի մեջ՝ փորձելով օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում դիվանագիտության ոլորտում՛՛,-ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: