ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայկ Մարությանը՝ «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայնի» պահանջների մասին

Հայկ Մարությանը՝ «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայնի» պահանջների մասին

Այս պահին իշխանությունն ունի Երեւանի ավագանու 65 տեղից 24 մանդատ. մենք առաջարկել ենք ընդդիմադիր ուժերին հանդես գալ մեկ ճակատով, ընտրել մեկ ընդդիմադիր թեկնածու՝ զրկելով իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկել էր ընդդիմադիր միասնական թեկնածու ռաջադրել իրեն, սակայն որեւէ կոալիցիա չկազմել, քանի որ քաղաքական ուժերն ունեն անհաղթահարելի տարաձայնություններ տարբեր հարցերում:

Մարությանի խոսքով, այս ընթացքում իրենց առաջարկին արձագանքել են երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան դաշինքը եւ «Հանրային ձայն» կուսակցությունը:

««Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են ՔՊ-ին եւ փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի նրանք ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին: Անգամ, եթե «Հանրապետությունը» միանա ՔՊ-ին, իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»,-ասաց նա:

Մարությանը հիշեցրեց, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության: «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու:

«Հանրային ձայնը» հայտարարել է, որ համաձայն է մեր առաջարկին, բայց մի պայմանով, որ վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ դեմ բան չունենք դրան, միակ բանը, որ մեզ խանգարում է, այն է, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ, որի մասին պետք է մեկ ամիս առաջ հայտարարի քաղաքապետարանը: Այսինքն մենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որեւէ քաղաքական ուժի: Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք եւ ես մեծ հաճույքով կնշանակեմ նրան: Եվ թող իր ստուգումները սկսի հենց ինձանից:

Դրա հետ կապված մեր մասնագետները շատ լավ լուծում են գտել. Կարող ենք ստեղծել ավագանու ժամանակավոր քննող հանձնաժողով: Այսինքն ձեր խմբակցությունը կարող է հանդես գալ այդ պահանջով, մեր խմբակցությունը դա կհաստատի, կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցությունից, դուք կնշեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել: Ինչ ուզենք ստուգել, կարող եք այդ հանձնաժողովի օգնությամբ ստուգել: Կարող եմ խոստանալ, որ հատուկ ուշադրություն դարձվի այս հանձնաժողովին: Սա լավագույն ձեւն է իրականացնելու վերահսկողություն:

Այսինքն փաստացի այն ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ձայները տալ մեկ ընդդիամդիր թեկնածուին, զրկել իշխանությանը քաղաքապետի պաշտոնից, եւ ունենալ քաղաքային իշխանություն»,-հայտարարեց Հայկ Մարությանը՝ կրկին հիշեցնելով, որ խոսքը կոալիցիաների մասին չէ, այլ համագործակցության:

«Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի այս համագործակցությունը, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, մենք կարող ենք գնալ նոր ընտրությունների, դրա համար պետք է ընդամենը այս երեք խմբակցությունները երեք անգամ չապահովեն քվորում ավագանու նիստին»,-ասաց Մարությանը եւ կոչ արեց ուշադիր լինել քաղաքական ուժերի գործողություններին, այլ ոչ նրանց հայտարարություններին:

Նա հայտնեց, որ իրենք խմբակցության նիստ են արել եւ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ նշել են, որ հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում ընտրելու են քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածու Հայկ Մարությանին:

«Կամ եթե որոշում կայացվի, որ գնում ենք նոր ընտրությունների, ապա չենք գնալու նիստին, որ քվորում չլինի»,-ասաց նա:

  • Կիսվել: