Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է․ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանութան տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Հայաստանի «միլիտարիզացիայի և հարցերը ուժային մեթոդներով լուծելու» մեղադրանքներին։
«Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։
Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել», - նկատել է Բադալյանը։ Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին», - եզրափակել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։