չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը և շեշտել մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում իրադրության կտրուկ սրման համատեքստում։ Երկու կողմն էլ խորը մտահոգություն են հայտնել իրանաիսրայելական հակամարտության շարունակվող էսկալացման առնչությամբ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար ամենաբացասական հետևանքներով։ Ընդգծվել է մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման հրամայականությունը՝ ի շահ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող վիճելի հարցերի կարգավորման», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ միջնորդական աջակցություն ցուցաբերել հակամարտության կողմերի միջև երկխոսության խթանման գործում՝ տեղեկացնելով այս կապակցությամբ մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ ունեցած շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում ձեռք բերված ռուս-էմիրաթական համագործակցության բարձր մակարդակի առթիվ, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել էմիրաթական կողմի նախաձեռնությամբ։

 

  • Կիսվել: