չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պատմության մեջ առաջին անգամ, երբ Եկեղեցու ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է. Կոնջորյան

Պատմության մեջ առաջին անգամ, երբ Եկեղեցու ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է. Կոնջորյան

Այս երեք շրջադարձային կետերում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27, 2008 թվականի մարտի 1, 2020 թվականի նոյեմբերի 9-ը, վճռական հանգամանքն այն էր, որ Կտրիճ Ներսիսյանի և որոշ բարձրաստիճան հոգևորականների, օլիգարխիայի միջև կար մի սրբապիղծ ամուսնություն, և այդ սրբապիղծ ամուսնության այլանդակ հետևանքը Հայաստանում հաստատված գողապետական համակարգն էր: Այդ համակարգի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ այն ժողովրդին շրջանցել էին, որ ժողովուրդն այս պատմության մեջ ընդհանրապես գործոն չէր: Եվ այսօր էլի նույն բանն է կատարվում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստի իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իշխանության և Եկեղեցու միջև ծավալվող քննարկումներին:  

«Հայ հոգևորականները, հայ օլիգարխիայի հետ կամ նախարարական տների հետ դաշնակցելով, երկու անգամ մատաղ են արել հայոց պետականությունը Արշակունիների և Բագրատունիների թագավորություններում, և այս երկու անգամ էլ ժողովուրդը խաղի մեջ չի եղել, և դա հասկանալի է, քանի որ այդ ժամանակ կարգերն էին ուրիշ, ժողովրդավարություն չէր:

Բայց պետության կորստի երկու դեպքում էլ գինը վճարել է ժողովուրդն իր հարյուրամյա և հազարամյա տառապանքներով, այսինքն՝ Եկեղեցու բարձրաստիճան պետերն ու օլիգարխիան պետության գլուխը կերել են, և գինը վճարել է ժողովուրդը, որովհետև իրենք պահել են այն, ինչ ունեին:

Այսօրվա իրողությունների շրջադարձային տարբերությունը գիտե՞ք որն է, որ Հայաստանի, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է, ժողովուրդը գործոն է: Առաջին անգամ ՀՀ-ում կա լեգիտիմ ընտրված իշխանություն, և կա ժողովրդի ու իշխանության դաշինք: Սա է, որ ուզում են քանդեն այս մարդիկ»,- ասաց նա:

  • Կիսվել: