հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը ունի բավարար չափով վարկունակություն և հնարավորություն ներգրավել վարկ, բայց դա հիմք չէ դիմել արկածախնդրության․ Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանը ունի բավարար չափով վարկունակություն և հնարավորություն ներգրավել վարկ, բայց դա հիմք չէ դիմել արկածախնդրության․ Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին 7 միլիարդ 324 միլիոն դոլար է կազմել, որից 6 միլիարդ 835 միլիոն դոլարը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ մնացածը ՀՀ Կենտրոնական բանկի պարտքն է, այդ մասին այսօր Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

«Ընդ որում, կառավարության մասով արտաքին պարտքը 5 միլիարդ 298 միլիոն դոլար է կազմել: Եթե այս հարցը դիտարկենք ընդհանուր պարտքի մասով, ապա ազգային պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53.6 տոկոս է կազմել, իսկ կառավարության պարտքը՝ 50.6 տոկոս»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:

Նախարարը շեշտեց, բոլոր ցուցանիշներով, Հայաստանը 2019 թվականի արդյուքններով գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։

«Դա նշանակում է, որ պարտքը ամբողջությամբ կառավարելի է, ինչը թույլ է տալիս մեզ հետևություն անել, որ մենք ունենք որոշակի չսպառված պաշար, որը կարող է իրացվել 2020-ի համավարակով պայմանավորված կարիքները բավարարելու համար։ Հայաստանը ունի բավարար չափով վարկունակություն և հնարավորություն ներգրավել վարկ», -ընդգծեց ֆինանսների նախարարը։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, սա հիմք չի տալիս դիմել արկածախնդրության և ներգրավել այնչափ վարկ, որը դառնա անկառավարելի։

  • Կիսվել: