հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում երբեք իրեն ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում երբեք իրեն ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն երբևիցե ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ արտգործնախարարություն կանչվելու վերաբերյալ հարցին:

«Հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ  է պահել, երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին և որի համար ՌԴ դեսպանն ԱԳՆ էր կանչվել, միակը չէ։ Նա  հիշեցրեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, քարոզչությամբ զբաղվող հայտնի անձանց հայտարարությունների, վիրավորանքների մասին:

«Նրանք փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին տեղեկացած է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն են ունենում: Ես չգիտեմ, թե իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց այդ նույն ծրագիրը (խմբ.- «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդումը), հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում հակառակ արձագանքն են ունենում: Թող երկու անգամ մտածեն՝ հաջորդ անգամ նման բան անելիս»,-ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: