ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Այվազյան

Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Այվազյան

Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից: Այս մասին այսօր Այս մասին այսօր  հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ընդգծել է Այվազյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական կողմերի առաջնահերթություններից են նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Անդրադառնալով հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը՝ Այվազյանը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան:

«Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար: Այս տեսանկյունից մշակութային ժառանգության, կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար»,- ասել է նա:

Այվազյանը շեշտել է, որ նախարարության ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախում միգրացիոն իրադրության հասցեագրումը և դրանում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:

«Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելել եմ Արցախ և մեր գործընկերների հետ քննարկել մեր ընդհանուր համահայկական օրակարգը: Կարծում եմ՝ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համագործակցել Արցախի հետ, ինչպես նաև միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնել»,- եզրափակել է նախարարը

  • Կիսվել: