Հայաստանը և ևս 2 երկիր դիմել են ՄԱԿ Գլխավոր ասամբեային՝ նոր նախագահի միակ թեկնածու Թուրքիայի ներկայացուցչի ընտրության հարցը քվեարկության դնելու պահանջով․ ԱԳՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն է՝ Թուրքիայի ներկայացուցիչը. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել: Այս հարցերի շուրջ «NewArmenia» լրատվական գործակալությանն իր մեկնաբանությունն է տվել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է:
Նաղդալյանը հայտնեց, որ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ:
«Եթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:
Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»,- նշեց խոսնակը:
Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին:
Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին:


