հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Ըստ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ փաստաթղթի մի շարք կետեր մշակման կարիք ունեին։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման։

2023 թ․ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։ Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: