հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում առկա է կորոնավիրուսի հետազոտության 850 թեստ

Հայաստանում առկա է կորոնավիրուսի հետազոտության 850 թեստ

Իրանում 141 դեպք է գրանցվել, որից 22-ը մահվան ելքով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 81 հազարից ավելի դեպք, որից 78 497-ը՝ Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 744 դեպք, իսկ վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության։

Նախարարը նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է:

«Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 մարդ վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք։

Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են:»,- ասաց նախարարը:

 

  • Կիսվել: