Հայաստանում 2019-ին առաջանցիկ աճ է ունեցել մշակող արդյունաբերությունը․ բնակչության եկամուտներն աճել են․ Նախարար
Ի սկզբանե 2019 թվականի Հայաստանի պետական բյուջեով նախատեսված է եղել 4,9 տոկոս տնտեսական աճ, սակայն ապահովել է 7,6 տոկոս տնտեսական աճ, այսօր Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Ավելին, նա ընդգծեց, որ 2019-ին համաշխարհային տնտեսությունը աճել է 2.9 տոկոսով, իսկ ԵՄ-ում և ԵՏՄ-ում միջին աճը համապատասխանաբար եղել է 1.4 և 1.6 տոկոս: 2019-ին Հայաստանում տնտեսական աճին հիմնականում, ըստ նախարարի, նպաստել է ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը։ Զուգահեռ, Ջանջուղազյանի խոսքով, աճել է բնակչության եկամուտը, վարկավորման ծավալները և արդյունաբերական որոշ արտադրատեսակների նկատմամբ արտաքին պահանջարկը։
«Ըստ էության, հայտարարված քաղաքականության տրամաբանության շրջանակներում է առաջանցիկ աճ է ունեցել մշակող արդյունաբերությունը։ Մենք որպես խնդիր ձևակերպել էինք նաև մեր երկրի ճյուղային կառուցվածքը և այդ տեսանկյունից արդյունաբերության առաջանցիկ աճը կարելի է համարել տրամաբանական արդյունք», - հայտարարց Ջանջուղազյանը


