շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ. Ստանո

Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ. Ստանո

Մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ. Մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Այս մասին «Արմենպրեսին»  տված հարցազրույցում նշել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խիստ քննադատության էր ենթարկվել ԵՄ-ն, անգամ սպառնալիք էր հնչել, թե ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա:

«Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն»,-ասել է նա:

Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է, որ տարածաշրջանում կայունություն մտցնի՝ կանխելու ռազմական գործողությունները, միակողմանի քայլերը:

«Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա ԵՄ խորհրդի նիստի և ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։

Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։  Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից, Ստատոն ասել է. «Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և  ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։

Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է»,- նշել է նա:

  • Կիսվել: