շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե Հայաստանի ինքնիշխանությունը չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են. Ստանո

Եթե Հայաստանի ինքնիշխանությունը չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են. Ստանո

Տրամաբանական եմ համարում, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար, դա նշանակում է նաև ուժեղացնել բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից նրանք կորոշեն: Այս մասին «Արմենպրեսին»  տված հարցազրույցում նշել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով նրան, որ  Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի և զինամթերքով կարգոները չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդանավակայան։

«Այնպես որ, երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին աջակցելու մասին հայտարարություններին, Ստատոն նշել է. «Մեր աջակցությունը կամ այն, ինչ ասել է Եվրամիությունը Հայաստանին աջակցելու առումով, կապ չունի Հայաստանին զինելու հետ։ Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել կամ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Այսինքն՝ մենք շատ հստակ ասել ենք, որ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին։

Սա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների, այլև միջազգային բոլոր հարաբերությունների հիմնաքարերից մեկն է»:

Նա հավելել է, որ պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը. «Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝  օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը։ Այնպես որ, յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Եվրամիությանը, թե ինչ ենք անում Հայաստանի հետ կապված, պետք է փորձի, միգուցե, երկու անգամ վերանայել և հասկանալ, թե ինչ ենք անում և ինչ ենք ասում, քանի որ այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, ոչ մի կերպ ուղղված չէ ուրիշի դեմ»:

  • Կիսվել: