երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը. «Ժառանգություն»

Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է:

««Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը:

Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին և հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական և կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան և իրավասու մարմիններից հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար: Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները և  «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը և իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի և Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսևորում»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: