Քուվեյթում հայտնել են իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով զինծառայողների վիրավորվելու մասին
Մի քանի զինծառայողներ վիրավորվել են Քուվեյթի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, որոնք, երկրի պաշտպանության նախարարության տվյալներով, իրականացվել են Իրանի կողմից՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ինչպես Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ՝ հարձակման են ենթարկվել քուվեյթյան բանակի մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ։ Հարվածների հետևանքով տուժել են ցամաքային զորքերի զինծառայողներ։
Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն այցելել է առավոտյան հարձակման ժամանակ վնասվածքներ ստացած զինծառայողներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին։
Գերատեսչությունը չի հստակեցրել տուժածների ստույգ թիվը, նրանց վիրավորումների ծանրության աստիճանը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափերը։
Իր հերթին Քուվեյթի ԱԳՆ-ից հայտնել են, որ հարվածի տակ են հայտնվել մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ, ինչպես նաև էլեկտրակայան և ջրի մաքրման կայան: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի էներգաբլոկներ։
Նախարարության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է Քուվեյթի իրավունքը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար՝ համաձայն միջազգային իրավունքի։



