երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ և ռուս բժիշկները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կիրականացնեն համատեղ վիրահատություններ

Հայ և ռուս բժիշկները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կիրականացնեն համատեղ վիրահատություններ

Երևանի և Մոսկվայի նոր համագործակցության շրջանակում հունիսի 10-ին և 11-ին Ռուսաստանի առաջատար բժիշկները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կիրականացնեն  հիվանդների ընդունելություն, վիրահատություններ, խորհրդատվություն և բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի կառավարության առողջապահության դեպարտամենտի Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան և Երևանի Քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը ստորագրեցին  համագործակցության հուշագիր։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը նշեց, որ  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված  նախաձեռնության շրջանակում հայ և ռուս առաջատար բժիշկները կիրականացնեն փորձի, մեթոդաբանության և գիտական նորարարությունների փոխանակում։

«Բժշկական ոլորտում գիտությունը և պրակտիկան իրար հետ խիստ կապված են: Մեր գործընկերների հետ պրակտիկ, լուրջ և բազմահարթակ համագործակցություն ենք պլանավորել և այս օրերին կփորձենք իրականացնել: Նշեմ, որ այսօր հայ և ռուս մասնագետները համատեղ կիրականացնեն երկու կարևոր, բարդ և հազվագյուտ վիրահատություն»,-ասաց նա:

Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան նշեց, որ բժշկության ոլորտում առանց  միջազգային ընկերների և կապերի  հնարավոր չէ:

«Մենք միշտ ուրախ ենք և պատրաստ ենք համագործակցել տարբեր երկրների բժշկական կենտրոնների և մասնագետների հետ: Շատ ողջունելի է, որ երկու կողմերի մոտ էլ կա ըմբռնում, որ բժշկությունը հիմնված է համագործակցության վրա: Սա շատ լավ հնարավորություն է բոլորիս համար, հատկապես` երիտասարդ մասնագետների, ովքեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց հնարավորությունները և սովորել լավագույն մասնագետներից: Այսօր ես շատ ուրախ եմ, որ ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որը չի լինելու ուղղակի պաշտոնական թուղթ: Մենք իրականացնելու ենք մասնագիտական հանդիպումներ, փոխադարձ վերապատրաստումներ, ինչը կտա ամենակարևորը՝ առողջություն մեր երեխաներին, և մենք բոլորս աշխատելու ենք  հենց այս նպատակի համար»,- ասաց Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ընդգծեց, որ կենտրոնը միշտ ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային համագործակցություններ իրականացնելու ուղղությամբ, իսկ բժշկության ոլորտը համագործակցության առաջնային օղակն է:

«Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցից ժամանած բժիշկները բարձրակարգ մասնագետներ են, ովքեր կփոխանցեն իրենց մեծ փորձը և փոխադարձաբար կվերցնեն հայ մասնագետներից: Այս ամենը արվում է ի նպաստ մեր երեխաների առողջության և հարմարավետության: Ես վստահ եմ, որ այս օրերին և՛ մեր մասնագետները կստանան կարևոր փորձ, և՛ մեր երեխաները համատեղ որակյալ բժշկական օգնություն»,- ասաց Վահրամ Կարապետյանը:

 

  • Կիսվել: