ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անմիջական ազդեցությունը, այլ գործոնների բացակայության պայմաններում, կարող է տնտեսական աճը դանդաղեցնել մոտ 0,65 տոկոսային կետով․ Պապոյան
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անմիջական ազդեցությունը, այլ գործոնների բացակայության պայմաններում, կարող է տնտեսական աճը դանդաղեցնել մոտ 0,65 տոկոսային կետով։
Այս գնահատականը նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը տնտեսապես որքանով է պատրաստ ԵԱՏՄ շրջանակում հնարավոր խնդիրների խորացմանը։
Նրա խոսքով՝ վերջնական արդյունքը, սակայն, կախված կլինի նաև այլ բացասական և դրական գործոններից։
«Եթե ԵԱՏՄ-ից մենք դուրս գանք, եթե ուրիշ ազդեցություն չլինի, միայն դա, տնտեսության վրա ազդեցությունը մինուս 0,65 է։ Այսինքն՝ պիտի, օրինակ, տնտեսությունը 6,6 տոկոս աճի՝ կաճի 6 տոկոս, եթե ուրիշ գործոն չլինի»,- ասել է նախարարը։
Պապոյանը նշել է, որ գնահատման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ուղեկցող գործոնները։ Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գազի նկատմամբ հնարավոր մաքսատուրքի ազդեցությանը։



