շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի՞նչ առաջնահերթությամբ կիրականացվեն մասնակիորեն վերսկսված պլանային վիրահատությունները

Ի՞նչ առաջնահերթությամբ կիրականացվեն մասնակիորեն վերսկսված պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրվանից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում դադարեցվել  էին պլանային վիրահատությունները, որոնք արդեն մասնակիորեն վերսկսվել են: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանը ասել է, որ շրջափակմամբ պայմանավորված, բժշկական ծառայություններն անցել են խիստ սահմանափակ ռեժիմի:

«Բժշկական ծառայությունները մատուցվում են միայն շտապ և անհետաձգելի հիվանդություններ ունեցողներին, պամանավորված՝ դեղորայքի և նյութատեխնիկական միջոցների  սահմանափակ քանակով:

Դրանց ապահովումը  մեծ դժվարություններով է հաջողվում, սակայն այդ պատճառով հիվանդները չեն տուժել: Կային հիվանդություններ, որոնք այստեղ հնարավոր չէր բուժել, հիվանդները  տեղափոխվում էին Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝  Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրինության, վիրաբուժական բաժանմունքի վարիչի միջնորդությամբ, պլանային վիրահատությունները  վերսկսելու հարցը երկար է քննարկվել, հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ցանկացած պահի կարող է  մեծաքանակ բժշկական նյութատեխնիկական միջոցների անհրաժեշտություն առաջանալ: 

Քննարկումների արդյունքում՝ Առողջապահության նախարարության թույլտվությամբ մասնակիորեն վերսկսել են հիվանդների ընդունելությունն ու պլանային վիրահատությունները:

Ըստ ՀԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչի՝ պլանային  վիրահատման համար հերթագրված հիվանդների որոշ խնդիրներ սպասելու ընթացքում բարդանում են, և ստիպված են նրանց շտապ կարգով վիրահատել, ուստի առաջնահերթություն է տրվելու  նման դեպքերին: 

ՀԲԿ ուրոլոգ, վիրաբույժ Մարատ Հարությունյանի խոսքով՝ պլանային վիրահատությունների  համար այս ընթացքում մեծաթիվ  հիվանդներ են հերթագրվել:

«Հիվանդ ունենք, որին երեկ ենք գրանցել, որպեսզի երկու ամսից հետո գա վիրահատվելու: Քթի միջնապատի խնդրով հիվանդներ կան, որոնք թթվածնաքաղց, գլխացավ են  ունենում, ինչը խիստ ազդում է կյանքի որակի վրա: Իրենք նույնպես ստիպված են սպասել վիրահատվելու իրենց հերթին»,-ընդգծել է վիրաբույժը՝ հավելելով, որ  կան այնպիսի հիվանդություններ որոնց դեպքերում, տեխնիկական որոշ միջոցների բացակայության պատճառով Արցախում հնարավոր չէ  վիրահատություն կատարել, ուստի  ստիպված են նման հիվանդներին ԿԽՄԿ-ի միջնորդությամբ  ուղարկել ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ՝ հետագա ռիսկերից և բարդացումներից խուսափելու համար, ինչի շնորհիվ այս ընթացքում բազմաթիվ կյանքեր են փրկվել:

 

  • Կիսվել: