Պուտինն ու Ռեզային քննարկել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։
Ռեզային շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և ռուսաստանցի այլ պաշտոնյաներին՝ Թեհրանին ու իրանցի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև բարձր է գնահատել ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարությունները՝ ի պաշտպանություն հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և Իրանի այլ ազգային գործիչների։
Ռեզայիի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և ռուսական գազի մատակարարման հարցերը։ Նրա խոսքով՝ այդ նախագծերը կարող են օգնել Իրանին հաղթահարել գազի պակասը և ռուսական գազը վերավաճառել հարևան երկրներին։
Քննարկումների օրակարգում են եղել նաև տարածաշրջանային հարցերը, հետպատերազմյան իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Ռեզայիի փոխանցմամբ՝ կողմերը վերահաստատել են ռազմավարական համագործակցությունը շարունակելու իրենց մտադրությունը՝ երկու երկրների ղեկավարությունների համաձայնեցրած ճանապարհային քարտեզի համաձայն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Պուտինը հանդիպել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպմանը Ռուսաստանի նախագահը մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ Մոսկվան և Թեհրանն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնց իրագործման ուղղությամբ աշխատում են։ Պուտինը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։



