հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հատուկ ծառայությունների ռեֆորմներն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են. Քոչարյան

Հատուկ ծառայությունների ռեֆորմներն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են. Քոչարյան

Սույն թվականի հունիսի 4-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ հետախուզական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, հանձնաժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը և աշխատակազմի փորձագետները տեսակոնֆերանս ունեցան ԴԿԱՖ փորձագետների հետ։ Քննարկման թեման այս անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում հատուկ ծառայությունների կառավարումն ու վերահսկողությունն էր։

Անդրանիկ Քոչարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ ուժային կառույցների բարեփոխումների օրակարգում հատուկ ծառայությունների ռեֆորմները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են։ Ժողովրդավարական նոր իրողությունների պայմաններում խորհրդարանին լրացուցիչ գործիքներ են պետք արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար, որում, անկասկած, կարևոր է միջազգային հաջողված փորձը՝ ինչպես Գերմանիայի Դաշնության և Միացյալ Թագավորության պարագաներում։

Հանձնաժողովին են հետաքրքրում նաև վերոնշյալ պետությունների հատուկ ծառայություններում կադրային ընտրության չափանիշները և վերապատրաստման մեխանիզմները։ Կարևոր է նաև տեղեկատվության դասակարգման սկզբունքներն ու միաժամանակ մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները պահպանելը։ Վերահսկողական մարմինների համար տեղեկատվության հասանելիության չափորոշիչներ սահմանելը ևս մեզ հետաքրքրող հարցերից է՝ հավելեց հանձնաժողովի նախագահը։

Հետախուզության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսեց համակարգում առկա խնդիրների, սպասվող փոփոխությունների մասին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի համար առանձնակի հետաքրքիր է պառլամենտական և քաղաքացիական հասարակության վերահսկողության, կադրային ընտրության և վերապատրաստման գործընթացների փորձը, ինչպես սեփական հետախուզական դպրոցը ունենալու հեռանկարներն ու հնարավորությունները։

Միացյալ Թագավորության հետախուզության ծառայության պետի նախկին տեղակալ, փորձագետ Դեյվիդ Ուոթսոնը ներկայացրեց բրիտանական հատուկ ծառայությունների աշխատանքային առանձնահատկությունները։ Նա կարևորեց հետախուզությանը վերաբերող հզոր օրենսդրական շրջանակը, կադրային ընտրության քաղաքականությունը և առկա սպառնալիքները գնահատելու կարողությունը։ Ուոսթոնը նաև ընդգծեց տվյալ երկրի հետախուզական կառույցի աշխատանքը մյուս երկրների համապատասխան կազմակերպության հետ։

Գերմանիայի Դաշնության հետախուզական ծառայության ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հանս-Յակոբ Շինդլերը համաձայնելով ավելի վաղ հնչեցված տեսակետներին՝ ներկայացրեց հատուկ ծառայությունների գերմանական փորձը։ Նա նշեց, որ գերմանական համապատասխան կառույցում ստեղծվում են ժամանակավոր աշխատանքային խմբեր՝ առկա խնդիրները լուծելու նպատակով։

Զեկուցողներին հարցերով դիմեցին պատգամավոր Արմեն Խաչատրյանը և ՀՀ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան։

Անդրանիկ Քոչարյանը, խոսելով երկրների փորձի փոխանակման մասին, նշեց, որ հանձնաժողովը այսօր ավարտեց 2016 թ․ ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները, և քանի որ սա Հայաստանում այս ոլորտի քննիչ հանձնաժողովի առաջին փորձն էր, Հանձնաժողովը հպարտությամբ կարող է ասել, որ հասել է հաջողության և պատրաստ է կիսվել իր փորձով միջազգային հանրության հետ։

Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ տեսակոնֆերանսի համար ընտրել ավելի թիրախային և հստակ թեմա՝ հատուկ ծառայությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը՝ տեղեկացնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

  • Կիսվել: