շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հասարակությունից թաքցվել է մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը. Ղազինյան

Հասարակությունից թաքցվել է մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը. Ղազինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ հունիսի 12-ին իր անունից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:

Արթուր Ղազինյանի խոսքով, հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել  է առավելագույնս հիմնավոր, ներկայացվել են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել են և աղավաղվել են մարդականց առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը՝ նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից։

«Դա կատարվել է ոլորտի պատասխանատու սուբյեկտի կողմից, ինչը հանգեցրել է մահվան կամ ծանր հետևանքների», - ասաց նա։

Ըստ նրա, իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը հիմնված է եղել Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի վրա, և այդ հաղորդումը որևէ առնչություն չունի արձանագրված 600 մահերի, հանցավոր անփութության և անգործության, ինչպես նաև համավարակի շուրջ պտտվող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

Արթուր Ղազինյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հանցագործության մասին հաղորդումը՝ հրաժարվելով հարուցել քրեական գործ։

Ներկայացնելով մերժման հիմքերը՝ նա ասաց.

«Նախաքննական մարմինը հաստատված է համարել այն հանգամանքը, որը մենք նշել ենք՝ առողջապահական համակարգում մարդու կյանքի և առողջության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն ՀՀ-ում առողջապահության քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտները։ Այդ քաղաքականությունը մշակում է Կառավարությունը, իսկ լիազոր մարմին է հանդիսանում Առողջապահության նախարարությունը։ Հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրելու իրավունք ունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Հանցակազմի օբյեկտն առողջապահության ոլորտում հասարակական հարաբերություններն են, հանցակազմի օբյեկտիվ կողմը տվյալ պարագայում հանդիսանում է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն թաքցնելն ու աղավաղելը»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդման մեջ չեն անդրադարձել հանցագործության սուբյեկտներին՝ թողնելով այդ ամենը նախաքննական մարմնին, որպեսզի իրենք բացահայտեն, թե ովքեր են մեղավոր փաստացի տեղի ունեցած հանցագործության համար։

«Հանցակազմի սուբյեկտիվ կողմը սահմանված է քրեական օրենսգրքի 308 հոդվածում, որտեղ նշված է. «Պաշտոնատար անձի կողմից իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների օրինական շահերին, հասարակության կամ պետական օրինական շահերի գույքային վնասի հանցագործության և այլն»: Տվյալ պարագայում  խմբային շահ դիտարկվել է 2020 թվականի փետրվարի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության և ՔՊ-ի խմբային շահն է»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով, ներկայացրած հողորդման հետ կապված հետաքրքիրն այն է, որ քննիչը սահմանափակվել է միայն Առողջապահության փոխնախարարից բացատրություն վերցնելով, որը, ըստ նրա, նույնպես մասնակից է աղավաղված տեղեկատվություն տրամադրելու համար։

«Այսինքն՝ քննիչը պետք է բացատրություն վերցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Արսեն Թորոսյանից, «Նորք»-ի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից և այլ անձանցից, սակայն նման բան չի արել։

Քննիչը նաև չի համադրել այս պահին տեղեկատվության միակ հասանելի աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 6-ից մինչև մարտի 16-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված տեղեկատվությունը՝ վարչապետի և Արսեն Թորոսյանի տրամադրած տեղեկատվության հետ։ ՀՔԾ-ն հաստատված է համարում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը, որպես առողջապահության քաղաքականության մշակման լիազորություն ունեցող իրավասու մարմին՝ չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն՝ գործել են սիտուատիվ։

Քննիչը նաև իր որոշման մեջ հաստատել է, որ Առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ-ի պաշտոնական խորհրդատվական բնույթ կրող դիրքորոշմանը»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։

Նա նաև նշեց, որ քննիչի պատասխանից սենսացիոն բացահայտում է արել և ընթերցեց եզրակացության այդ հատվածը. «Արթուր Ղազինյանի կողմից COVID-19 հիվանդության մասին դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս»:

Ըստ բանախոսի, դրանով նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին։

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ պաշտոնական կեղծիքի փաստով այսօր ՀՔԾ կներկայացնի հաղորդում հանցագործության  մասին:

 

  • Կիսվել: