Վերջին մի քանի օրերին ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, կապված կառավարության ղեկավարի ավտոշարասյան պատճռով առաջացող խցանումների հետ. առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված մեր քաղաքում, որ քշելը համարյա անհնարին է դարձել, կառավարության ղեկավարի ավտոշարասյան համար փակվում են փողոցներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Խորհուրդ եմ տալիս, օրինակ, ձեր ավտոշարասյունը մի օր մի տեղից առանձին դուրս գա, դուք մի հատ այլ մեքենայով դուրս գաք և հարակից փողոցներում տեսնեք, թե ինչ է կատարվում»,–ասաց նա՝ հավելելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած հեծանվավազքի պատճռով ևս կաթվածահար էին եղել բազմաթիվ ճանապարհներ։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հեծանիվի հետ կապված միջազգային մրցաշար է տեղի ունեցել Հայաստանում առաջին անգամ։ Բա որ Հայաստանում օլիմպիական խաղեր տեղի ունենան։ Ձեր տրամաբանությամբ, որ գնանք, Հայաստանի ճանապարհներով մենակ սելեր պիտի երթևեկեն։

Ես ընդհանրապես, որ հեծանիվ եմ քշում, քշում եմ ժամը 5:15, երբ բոլորը քնած են լինում այդ ժամին։ Շաբաթ օրը, որ ես հեծանիվով դուրս եմ եկել առավոտյան 5:30 և երթևեկել եմ Սևան– Շողակաթ–Ծափաթաղ–Վարդենիս երթուղով և Սևան-Երևան մայրուղով անցել եմ 5:30–ից 5:50 րոպե։

Միջազգային հեծանվազքը տեղի է ունեցել Մարտունիից դեպի Պարզ լիճ։ Ես առավոտյան աշխատանքի գնում եմ 7:30, էդ ժամին Երևանի փողոցներում ընդհանրապես խցանում չկա, համարյա մեքենա չկա։ Երկրորդը, ես ամբողջ օրը չեմ քշում ավտո, Երևանում խցանում չկա՞, այսինքն վարչապետի շարասյունով է խցանումը պայմանավորվո՞ւմ։ Շատ լավ, հաջորդ անգամ կգանք հարց ու պատասխանին 6:30, դուք հերթագրվեք, սպասեք, մինչև մենք գանք տեղ հասնենք, ձեր ասած տրամաբանության մեջ։

Ծառայություններն իրենց ծառայությունը պիտի իրականացնեն։ Ձեր ուզածն այն է, որ  ենթադրենք, այստեղ լինի նիժնի Տապռի գեղի ռեժիմ, որտեղ դուք մենակ ձեր «Մայբախները» քշեք, ոնց ուզեք։ Չեք քշելու, ոնց ուզեք, հատկապես դուք չեք քշելու՝ ոնց ուզեք։ Քշելու եք՝ ոնց ասենք, պա՞րզ է։ Քայլելու եք՝ ոնց ասենք։ Ճիշտ է, ոնց ասում ենք, տենց էլ քայլում եք, ու այդպես էլ շարունակելու եք։ Այ քեզ բան։ Դուք որ շարժվել եք ձեր թիկնապահները, տեսե՞լ եք ինչ եք անում։ Եկել եք այստեղ պետության ատրիբուտները ընդհանրապես մարտահրավերի տակ եք դնում։ Համացանցը լիքն է ձեր լկտի ավտոկանգառների նյութերով և ֆոտոնկարներով։ Գնացեք այդ հարցերին հլը պատասխանեք»։ Դավիթ Ղազինյանն էլ ասաց. «Ձեր նյարդայնությունը ցույց է տալիս որ ճիշտ եմ ասում։ Ես նորմալ հարց եմ բարձրացնում քաղաքացիների համար, դուք ասում եք՝ մենք պիտի ասենք ոնց քշենք։ Դուք չեք կարող ասել՝ մենք ոնց քշենք, մենք օրենքի սահմաններում կքշենք, օրենքով կքայլենք և ամեն ինչ օրենքով կանենք։

Հիմա ընդամենը մեր քաղաքացիներին եք պատասխանում, ինձ չեք պատասխանում, այդպես մի նյարդայնացեք։ Ասեք՝ ինչ-որ բան կիրառվո՞ւմ է, որ խցանումները ավելի չվատանան»։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հենց հիմա, երբ իր շարասյունը արդեն երկու ժամ է՝ ԱԺ–ում է, պատուհանից նայել ու տեսնել, թե Բաղրամյանում խցանում կա, թե՞ չկա. «Մաշտոցի պողոտայում, Բաղրամյան պողոտայում կա՞ խցանում, թե չկա։ Խցանում կա այն պատճառով, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ փող ունեն, ավտո են առնում և այդ ավտոյով դուրս են գալիս փողոց։ Այդ մի ժամանակ էր, որ ավտո ունենալու հնարավորություն մենակ դուք ունեիք։ Հիմա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ունեն ավտո ունենալու հնարավորություն և այդ հնարավորությունից օգտվում են։ Աշխարհի բոլոր երկրներում կան զարգացած երկրներում կան խցանումներ»,– ընդգծեց նա։