ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին

Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց, որ ինքը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Միաժամանակ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել: 

«Միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի, հարցը քննարկվում է: Ուզում եմ նշել, որ սա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշել մասնակցել: Այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն էլ ավելացրեց, որ վստահ չէ՝ արդյո՞ք կհանդիպեն իրենք Անթալիայի ֆորումին, բայց խրախուսեց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը:
 
«Ես համարում եմ, որ տարածաշրջանի գործընկերներին հրավիրելը լավ ժեստ էր»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր՝ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: 

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր՝ Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը:

  • Կիսվել: