չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նշել է․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ համատեղ, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:
 
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, որող ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որը, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր՝ ապրիլի 5-ին, կկայանա Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»:

  • Կիսվել: