հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է Ադրբեջանում հայկական եկեղեցիների ավերմանը

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է Ադրբեջանում հայկական եկեղեցիների ավերմանը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության մասին 2022 թ․ զեկույցը» Ադրբեջանի վերաբերյալ:

Փաստաթղթում հղում է արվում Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից սեպտեմբերին հրապարակված հետազոտությանը, որում ընդգծվում է, որ արբանյակային պատկերների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նախիջևանի հայկական 108 միջնադարյան և ժամանակակից վանքեր, եկեղեցիներ և գերեզմանատներ 1997-2011 թվականների ընթացքում ավերվել են։ Դրանցից մի քանիսը, ինչպես օրինակ Սուրբ Թովմասի վանքը, վերածվել են մզկիթների կամ այլ հասարակական շենքերի:

«Հոկտեմբերին Caucasus Heritage Watch-ը լրացուցիչ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ մարտ-հուլիս ամիսներին ավերվել է 18-19-րդ դարերի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Կազմակերպության տվյալով՝ Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերին կայացրած որոշման լուրջ խախտում է»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև կրոնական հաստատություններում անձնակազմի նշանակման նկատմամբ պետության կողմից վերահսկողության սահմանմանը: Նշվում է, որ իրավապաշտպան խմբերը և այլ կազմակերպություններ հայտարարել են, որ կառավարությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնություն գործադրել և ձերբակալել կրոնական ակտիվիստներին:

  • Կիսվել: