երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը չէի որակի փակուղի. Գրիգորյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը չէի որակի փակուղի. Գրիգորյան

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս գործընթացը փակուղու՞մ չէ՝ հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջեւ նախատեսված վերջին հանդիպումը չեղարկվեց։

Գրիգորյանն այս առնչությամբ, մասնավորապես, նշել է. ՛՛Ես այն չէի որակի փակուղի, որովհետև նախ՝ դելիմիտացիայի մասով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով, և երկու կողմերն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը։ Մյուս հանդիպումը գիտեք, որ պետք է տեղի ունենա Մոսկվայում, իսկ հաջորդը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան, և այդ հանդիպումը տեղի կունենա։

Տեղյակ եք նաև, որ վերջերս Պետերբուրգում ապաշրջափակման թեմայով փոխվարչապետերը հանդիպել են և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել։ Կարծում եմ՝ այս առումով ևս դրական ազդակ ունենք և հնարավորություն կա առաջ շարժվելու՛՛:

Հայաստանը, ԱԽ քարտուղարի խոսքով, պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։ ՛՛Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի, բնականաբար մենք ավելի շատ արագ առաջ կգնանք՛՛,-նշել է նա։

Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. ՛՛Այդ հանդիպման և այլ հարցեր քննարկվում են, քննարկում ենք, որպեսզի հանդիպում լինի, նաև այլ ուղղություններով քննարկումներ են ընթանում։ Հույս ունենանք, որ նաև մոտ շրջանում խաղաղության պայմանագրի առարկայական հանդիպումներ կլինեն, և մենք կկարողանանք առաջ շարժվել, արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են, հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք...՛՛:

  • Կիսվել: