կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գուցե հաճախ ճամփորդող մարդկանց համար մուլտիվիզաների ժամկետը երկարաձգե՞նք, դեսպանատներում օր ամրագրելու հետ կապված խնդիրներ ունենք. Արման Եղոյան

Գուցե հաճախ ճամփորդող մարդկանց համար մուլտիվիզաների ժամկետը երկարաձգե՞նք, դեսպանատներում օր ամրագրելու հետ կապված խնդիրներ ունենք. Արման Եղոյան

Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարց ուղղեց դեսպանատներում Շենգեն վիզաների ստացման գործընթացի վերաբերյալ։

«Շատացել են բողոքները և՛ օր ամրագրելու հնարավորության, և՛ վիզա ստանալու գործընթացի հետ կապված, բայց բողոքների առյուծի բաժինը օր ամրագրելու հետ է կապված։ Մենք հետզազոտեցինք խնդիրը, բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Դիմումատուների թվի աճի ու դեսպանատների կարողությունների ու բավարար լինելու հետ կապված խնդիր կա։ Ես որքան հասկացա տուրիստական գործակալությունները օրերը կարողանում են ինչ-որ կերպ ամրագրել, հետո վերավաճառել, ինչպե՞ս կարող ենք այս խնդիրները լուծել»,- ասաց Եղոյանը։

ԱԳ փոխնախարարը ասաց, որ այդ առումով իրավիճակը իսկապես վատթարացել է։

«Ստացել ենք բազմաթիվ բողոքներ թե՛քաղաքացիներից, թե՛ պաշտոնյաներից։ Աշխատում ենք երկու ուղղությամբ, հաջորդ շաբաթ հրավիրելու ենք մի շարք գործընկերների և քննարկում ունենանք։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ավելի ազատակացնել վիզայի ստացման գործընթացը։ Պետք է ասեմ, որ մի շարք դեսպանատների հետ հանդիպումներից հետո բարելավումներ եղան։ Հարցը մեր ուշադրության ներքո է»,- ասաց փոխնախարարը։

Եղոյանը հավելեց, որ հարցը լայն հասարակական հնչեղություն է ստացել և անհրաժեշտ է հրատապ լուծումներ առաջարկել։

«Կարելի է նաև դեսպանատների հետ քաղաքական համաձայնության գալ, որ այն մարդկանց դեպքում, ովքեր շատ հաճախ են ճամփորդում և պատմությունը մաքուր է, գուցե իրենց ավելի երկար ժամկետով մուլտիվիզաներ տանք, որ ամեն անգամ չգնան, ու այդ հերթը չերկարի»,- ասաց Արման Եղոյանը։

  • Կիսվել: