շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գործող իշխանության բազմա­թիվ սխալները որևիցե կերպ համեմատելի չեն երկիրը թալանողների սխալների հետ․ Իոաննիսյան. «Հրապարակ»

Գործող իշխանության բազմա­թիվ սխալները որևիցե կերպ համեմատելի չեն երկիրը թալանողների սխալների հետ․ Իոաննիսյան. «Հրապարակ»

«Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականի մասին։

Նշել են, որ «պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրություն­ների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդի­մության պնդումը, թե գործող կառա­վարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լի­նելու են իրենց օգտին կեղծված»: Հայտարարությունը ստորագրել է 10 ՀԿ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Փինկ» ՀԿ և Սոնա Մանուսյան անունով մի հոգե­բան: Ուշագրավ է, որ ստորագրողնե­րի ցանկում չկա վերջին 2.5 տարում ՀՀ պետական կառավարման մեջ մեծ դերակատարում ստանձնած «Բաց հասարակության» կամ, որ առավել հայտնի է՝ Սորոսի հիմնադրամը: Մեր ջանքերը՝ հիմնադրամից ստանալ մի քանի հարցի պատասխան, մատնվե­ցին անհաջողության՝ գրավոր հարց պահանջեցին, որոնց հայտնի չէ, թե երբ կպատասխանեն:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ հայտարարությունը բաց է՝ կարող են միանալ այլ կազմա­կերպություններ ևս, և իրենց կայքում տեղադրված տարբերակում արդեն մի քանի ՀԿ-ի անուն ավելացել է: Իսկ «Բաց հասարակության» հիմնադրամը միացե՞լ է, Այվազյանն ասաց․ «Էս պա­հի դրությամբ՝ չէ, կարծես թե»: Ի դեպ, տարօրինակ է, որ զրույցի վերջում Այվազյանն ասաց. «Ես Ձեզ ինտերվյու չեմ տվել, ես ընդամենը Ձեր հարցերին պատասխանեցի»: Հետաքրքիր է՝ ո՞րն է հարցերին պատասխանելու, բայց հարցազրույց չտալու տարբերությունը:

Խոսեցինք նաև «Իրազեկ քաղա­քացիների միավորում» ՀԿ ներկայա­ցուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ: Հարցին՝ ինչպես են չափել հանրության տրամադրությունները արտահերթ ընտրությունների պահանջի առումով, Դանիելը որոշեց հետ գնալ ու հիշել «իր սիրելի» նախկիններին՝ մեղքը բարդե­լով նրանց վրա ու աննշան սխալներ գտնելով գործող իշխանությունների արարքներում: «Նախ արձանագրենք, որ հանրության լայն շերտերի պա­հանջը բացահայտելու համար, իրա­կանում, պետք է նորմալ, մարդավարի, անկախ կազմակերպության կողմից իրականացված սոցհարցում: Առ այս պահը հրապարակային արդյունքներ չեն եղել, բայց ես գիտեմ, որ ինչ-որ կազմակերպություններ անում են, և սպասում եմ, որ հրապարակվեն իրենց զեկույցները: Այդուհանդերձ, երևի բոլորիս համար ակնհայտ է, որ հասարակությունում կան ազնիվ մարդիկ, որոնք որևիցե կապ չունեն նախկի­նում պետությունը թալանածների հետ կամ այդ թալանը պաշտպանելու հետ, ազնիվ մարդիկ, ովքեր պատերազմից հետո իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ են դնում և պահանջում են արտահերթ ընտրություններ: Թե որքան է այդ մարդկանց թիվը, դժվար է ասել, բայց շոշափելի թիվ է: Եվ ամենակարևորը, որ իշխանությունը հղում է անում ընդդիմությանը, որ ուզում է կամ չի ուզում արտահերթ ընտրություններ, էդ ընդդիմության զգալի մասը, իմ գնահատականով, միակ բանը, որ կարա ուզի, դա ավելի լավ խուցն է քրեակատարողական հիմնարկում, ոչ թե որ ընդդիմություն են, այլ որովհետև նախկինում թալանած բաներ ունեն»,- ասաց Իոաննիսյանը:

-Դուք հիմա անմեղության կանխավարկածը պահպանո՞ւմ եք՝ ասելով, որ ընդդիմությունը հա­վաքական առումով պետք է խցում տեղավորվի, թե՞ ինչ-որ մարդկանց նկատի ունեք:


-Չէ, չէ, ես խնդրում եմ՝ իմ բա­ռերը հանկարծ չմեկնաբանել ընդդի­մության հասցեին՝ որպես ընդդի­մություն: Ես կարող եմ դրա համար տալ կոնկրետ մարդկանց անուններ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մի շարք այլ անձինք:

-Փաստեր ունե՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ-որ բան են թալանել և պետք է հայտնվեն բանտում:

-Այո, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կատարել են Քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ և դրա համար պետք է հայտնվեն բանտում:

-Քրեական օրենսգրքի կոնկրետ ո՞ր հոդվածներով:

-Օրինակ՝ կաշառք վերցնել, օրի­նակ՝ սահմանադրական կարգ տա­պալել:

-Ումի՞ց են կաշառք վերցրել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

-Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական գործի նյութերին ծանոթա­ցեք, խնդրում եմ, դրա մի մասն արդեն հրապարակվել է:

-Բայց դատավճիռ չկա:

-Դա իմ գնահատականն է: Այո, ես առանց դատավճռի համարում եմ, որ այդ մարդիկ...

-Դուք առանց դատավճռի մարդկանց մեղադրում եք քրեա­կան հանցանք գործելու մեջ: Բա որ նրանց արդարացնի դատարանը:

-Ես համարում եմ, որ իրենք այդ արարքն արել են:

-Շատ մարդ շատ բան կարող է համարել, Ձեզ հետ կապված էլ, օրի­նակ, կարող են համարել, որ Դուք էլ քանդել եք պետականության հիմքերը:

-Հիմա Դուք Քոչարյանի փաստա­բա՞նն եք:

-Ոչ, Քոչարյանի փաստա­բանն Արամ Օրբելյանն է, Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը...

-Հա՞, ես զարմացա, կներեք: Ամեն դեպքում արձանագրենք՝ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մի խումբ այլ անձինք, այդ թվում՝ մի շարք անձինք, այսպես կոչված՝ էդ 16, թե 17 կուսակցություններից, որևիցե կապ չունեն քաղաքական գործունեության հետ, իրենց չի կարելի համարել ընդդի­մություն, և իրենք պետք է լինեն քրեակատարողական հիմնարկում: Եվ քանի դեռ իրենք քրեակատարողա­կան հիմնարկում չեն, Հայաստանում նորմալ քաղաքական մթնոլորտ և նորմալ ընդդիմություն չի կարող լինել:

-Մի քիչ էլ Սերժ Սարգսյանի մասով «փաստաբանություն» անեմ, փաստեր ունեք, որ նա կաշառք է վերցրել կամ Քրեական օրենսգրքով արգելված արարք է կատարել:

-Այո, Սերժ Սարգսյանի մասով հայտնի դիզելի գործը կա, որը ևս բա­վականին արժանահավատ է:

-Ես դիզելի գործ չեմ ասում, այլ կաշառքի գործ, Դուք ասացիք՝ կա­շառք:

-Դե, հոդվածը չի էստեղ էակա­նը, կոռուպցիոն հանցագործություն է գործել Սերժ Սարգսյանը: Այո, դա իմ գնահատականն է, և ես հուսով եմ, որ դատարանը դատաքննության վերջում ևս կգա այդ եզրահանգման:

-Իսկ գործող իշխանություննե­րի արարքներում որևէ հանցա­կազմ չե՞ք տեսնում, օրինակ՝ դավա­ճանության, պատերազմում դիտա­վորյալ պարտվելու, զոհեր տալու, և նրանց, օրինակ, բանտախցում չե՞ք ուզում տեղավորել:

-Գործող իշխանության բազմա­թիվ սխալները որևիցե կերպ համե­մատելի չեն երկիրը թալանողների հետ:

-Այսինքն՝ պատերազմում պարտվելը, հողերը հանձնելը, 5 հազարից ավելի զոհ տալն ավելի մեղմ արարք է, քան դիզելի և այլ մեղադրանքները:

-Ճիշտն ասած՝ ինձ թվում է, որ լրագրողի պարտականությունն է բազմակողմանի նյութ պատրաստե­լը:

-Դե, բազմակողմանի նյութ եմ անում, նախկիններին մենք միասին «տեղավորեցինք» բանտում, հիմա ուզում եմ հարցնել՝ ներկաները բանտում հայտնվելու որևէ շանս ունե՞ն, օրինակ՝ վերջին պատե­րազմում նրանց գործողություննե­րի մեջ որևէ հանցակազմ կա՞, որի համար նրանք կարող են հայտն­վել բանտում, թե ամենածանրը մեր 30 տարվա պատմության մեջ նախկինների «թալանն է» ու վերջ:

- Ուրեմն իմ գնահատականն այն է, որ 30 տարվա մեջ կատարվել են բազմաթիվ հանցագործություններ՝ Քրեական օրենսգրքով արգելված, որոնք շատ ուժեղ թուլացրել են պե­տականությունն ու բանակը, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ամենամեծ սխալը, որը հանգեցրել է ռազմական պարտության, այն է, որ ինքը 2 տարում չշտկեց բոլոր այն սխալները և հանցագործությունների հետևանքները, որը որ ողջամտորեն հնարավոր էր շտկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: