կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջ»-ն օրինակ բերելով անդրադարձավ արդարադատության պակասին

Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջ»-ն օրինակ բերելով անդրադարձավ արդարադատության պակասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանն անդրադարձավ արդարադատությանը՝ «Չարի վերջը» բալլադի օրինակով:

«Չարը, նույն ինքը՝ աղվեսը, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, հայտարարում է, որ «այս սարն իմն է, այս ծառն իմն է», հետևաբար՝ մայր կկվից պահանջում է ձագերից մեկին տալ իրեն: Չկան արդարադատություն, դատարան, որ ասեր՝ ո՞վ է քեզ թույլ տվել կացին ունենալ: Միևնույն է, եթե ունենար էլ, աղվեսը գիտեր, որ դատարանն ասելու է՝ օրինական է, կամ ընդհանրապես կացին չունի աղվեսը: Աղվեսն էլ ապօրինաբար տիրանալով սարին, ծառերին, կկվին, բնին ու ձագերին՝ գիտեր անպատժելիության մասին, գիտեր այն ժամանակ, երբ պատրաստվում էր ուտել առաջին ձագին, գիտեր երկրորդ և երրորդ ձագերին ուտելիս: Առաջին ձագին ուտելու պրոցեսը, ապօրինաբար սարին ու ծառին տիրելու պրոցեսն այս պատմության մեջ չարյաց փոքրագույնն էր: Եթե առաջին ձագին ուտելուց հետո աղվեսը պատժվեր, գցվեր վանդակը կամ բանտարկվեր, ապա վստահաբար չէր կարողանա ուտել երկրորդ ձագին, եթե գոնե երկրորդին ուտելուց հետո պատժվեր, ապա չէր ուտի երրորդ ձագին: Անպատժելիությունն էր, որ բերում էր նրան, որ աղվեսը ձագերին ուտելուց հետո մարսում էր:

Գիտենք հեքիաթը՝ կկուն իր գլխով անցածի մասին պատմում է ագռավին: Ագռավը բացատրում է, որ աղվեսն ամենասովորական խաբեբա ու սրիկա է: Կկուն ևս տեղեկանում է իր իրավունքների մասին և տալիս է պատասխան աղվեսին: Աղվեսն իմանում է, որ կկվին գլխի գցողն ագռավն է, գնում է ագռավի մոտ: Սակայն ագռավը, ի տարբերություն կկվի, ոչ միայն գիտեր իր իրավունքները, այլև ավելի հեռատես ու ճարպիկ էր և այնպես է անում, որ աղվեսն ընկնում է ծուղակն ու դառնում շան փայ:

Արդյունքում՝ արդարադատության պակասից տուժեց ոչ միայն փաստացի տուժողը՝ կկուն, ում ձագերը զոհ դարձան արդարադատության չլինելիությանը: Ոչ միայն պետությունը, հասարակությունը, բնությունը տուժեցին, որ աղվեսն ինքնագլուխ սեփականաշնորհել էր սարը, ծառը և այլն, այլև նույն ինքը՝ աղվեսը: Որովհետև եթե լիներ արդարադատություն, աղվեսը ոչ թե շան զոհը կդառնար, այլ կդատապարտվեր համապատասխան պահի և իր պատիժը կրելուց հետո կշարունակեր ապրել բնության մեջ»,- նշեց Պապոյանը:

Պատգամավորի կարծիքով՝ եթե Թումանյանն ապրեր մեր օրերում, ապա կգրեր, որ այս պատմության ավարտից հետո հայտնվում են զանազան փորձագետներ, իրավաբաններ և պնդում են, որ աղվեսը չի կարողացել օգտվել իր արդար դատաքննության իրավունքից, և սա նույնպես արդարադատության բացակայության հետևանք է:

«Արդարադատությունը անհրաժեշտություն է բոլորիս համար: Ինչպես ենթադրյալ զոհերի և տուժողների, այնպես էլ այն մարդկանց համար, որոնց թվում է, թե իրենք գտնվում են անպատժելիության մեջ»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: