հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գևորգ Գորգիսյանը դժգոհ է, որ համաճարակի պայմաններում ԱԺ-ն արտահերթ նիստ է անում

Գևորգ Գորգիսյանը դժգոհ է, որ համաճարակի պայմաններում ԱԺ-ն արտահերթ նիստ է անում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհ է, որ համաճարակի պայմաններում ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում՝ օրակարգում չունենալով հրատապ նախագիծ։

Այսօր ԱԺ արտահերթ նիստում նա տարակուսանք հայտնեց՝ ի՞նչ կարիք կար այս նախագծերը բերել արտահերթ ընթացակարգով՝ հաշվի առնելով, որ որևէ հրատապ նախագիծ չկա։

«Ձեր խմբակցության մի մասը կորոնավիրուսի վարակակիր է, մյուս մասը՝ կոնտակտավոր, ինչպես հասկանում եմ` նրանք 14 օր չեն ինքնամեկուսացել։ Հիմա բոլորով հավաքվել ենք քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունն այդքան էլ հասկանալի չէ»,- դիմելով օրակարգը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ասաց նա։

Գորգիսյանի կարծիքով՝ նախագծերի 90 տոկոսը կարելի էր քննարկել սեպտեմբերին, երբ վստահ կլինեին, որ ԱԺ-ում չկան կորոնավիրուսով վարակվածներ ու կոնտակտավորներ, ու իրենք իրենց չէին վտանգի։

Ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց, թե համակարծիք չէ նախագծերի հրատապ չլինելու հետ, քանի որ նախագծեր կան, որ անհրաժեշտ է քննարկել։ «Եթե դուք տեղեկություն ունեք, որ այստեղ նստած որևէ մեկը պետք է ինքնամեկուսացված լիներ՝ պարետի որոշման համաձայն, բայց չի ինքնամեկուսացել, կխնդրեմ` բարձրաձայնեք, գուցե Ձեր հայտարարությունից հետո ԱԺ նախագահն այլ քայլեր ձեռնարկի»,- եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը։

Գորգիսյանը, սակայն, չարձագանքեց։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց՝ հայտարարելով, որ մեկուսացման ու ինքնամեկուսացման կարգերը պահպանվում են, և պատգամավորները, եթե կարիք և ցուցում կա, ինքնամեկուսանում կամ մեկուսանում են։

  • Կիսվել: