չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ. Ալեն Սիմոնյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ. Ալեն Սիմոնյան

«Եթե Ձեզ թվում է՝ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք նրա հայտարարությունից հետո, չարաչար սխալվում եք»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդի դեմ քրգործ հարուցվեց նրա՝ Կառավարության հասցեին քննադատությունից հետո:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝  Գագիկ  Ծառուկյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ. «Եւ  պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»։

Ըստ նրա, Ծառուկյանի ընկերությանն առնչվող քրեական գործը 30-40 միլիարդ դրամի շրջանակներում է, և դրա ընթացքում ի հայտ է եկել փաստաթղթերի հավաքածու, որտեղ ցուցակագրված է և հաշված է 2017-ին ընտրությունների ժամանակ գումար բաժանելու պրոցեսը:

Ըստ նրա՝ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները չէին կարող չգործել:

«Իրավապահներն ի՞նչ պետք է անեին, պետք է ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թուղթը ճղենք, գցե՞նք»,- հարցրեց ԱԺ փոխխոսնակը։

Դիտարկմանը, թե դա կապ չունի՞ Վանեցյանի հանդիպման հետ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Դուք համարում եք, որ ով կուսակցություն ստեղծի, քաղաքական գործունեությամբ սկսի զբաղվել, ապա ՀՀ իշխանությունը պետք է դրանո՞վ զբաղվի։ 100-ից ավելի կուսակցություն կա, իսկ Վանեցյանի կուսակցությունը հայտնի է նրանով, որ նա ԱԱԾ տնօրեն է եղել մի կարճ ժամանակահատվածում»։

Հարցին, թե ակնարկում եք, որ Ծառուկյանի հայտարարությունների հետևում Վանեցյա՞նն է կանգնած, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման բան չեմ ակնարկում, ես ասում եմ, որ մենք ավելի շուտ գիտեինք, որ իրենք հանդիպում են և մեզ պետք չէր, որ Ծառուկյանը հայտարարություն աներ, նոր իմանայինք»:

Լրագրողները նաև հարցրեցին՝  իշխանությանը չի անհանգստացրե՞լ  Ծառուկյանի և Վանեցյանի հանդիպումը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ՀՀ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը:

«Թե ով, որտեղ, որ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին, քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ, կփորձի վերակենդանացնել, ինչ կփորձի անել՝ դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը ՀՀ քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: