Եթե վերևում գրած է Ծառուկյանի հանձնարարությամբ, պետք է Ծառուկյանի տունը խուզարկե՞ն․ Իվետա Տոնոյան
Գավառից մեծամասնականով առաջադրված Վազգեն Պողոսյանի մոտից խուզարկության արդյունքում ինչ–որ փաստաթուղթ են գտել։ Վազգեն Պողոսյանը 2015 թվականից այլևս ԲՀԿ անդամ չէ։ 2012 թվականին է մեծամասնականով առաջադրված եղել։ Նրա տնից խուզարկության արդյունքում ինչ–որ թուղթ են գտել, որի վրա ոչ ստորագրություն կա, ոչ կնիք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Եթե վերևում գրած է Ծառուկյանի հանձնարարությամբ, ուրեմն դա պետք է հիմք հանդիսանա, որ գան խուզարկեն Ծառուկյանի տո՞ւնը»,– վրդրովմունք հայտնեց նա։
Անդրադառնալով համացանցում տարածված այն նկարներին, որոնք վկայում են ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի ընտրություններին ձայներ գնելու գործընթացի մասին՝ Տոնոյանն ասաց․ «Առողջապահության նախարարն առավոտ կանուխ իր բանուգործերը թողած սկսում է փաստաթղթեր հրապարակել, լավ կլիներ, որ իր անմիջական գործառույթներով զբաղվեր, ու կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Ծառուկյանի դեմ չպայքարեր, որովհետև բոլոր մահերի համար, իրենք պատասխան են տալու, ու իրենց ապաշնորհ քաղաքականության համար։ Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած թուղթ է տարածում»։
Նշենք, որ ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ իր նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։
Հավելենք նաև, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն հայտարարեց Ծառուկյանին պատկանող խաղատնային բիզնեսում խոշորամասշտաբ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քրգործ հարուցելու մասին: Ըստ ԱԱԾ-ի խոսքը 30 մլրդ դրամի մասին է:


