Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան
Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսպես արձագանքեց լրագրողների այն հարցին, թե իշխանության օրակարգում շարունակու՞մ է մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այն դեպքում, երբ կա կարծիք, որ Թուրքիան ցանկանում է գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների․ «Մենք երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների»,- ասաց Խաչատրյանը։
Այն հարցին, որ շատերը զարմանում են,թե ինչպես Թուրքիան կարող է գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, Խաչատրյանը նշեց․ «Թուրքիայի վրա՞ են զարմանում, իրենց իրավունքն է զարմանալու»։
Հարցին, թե ինչու Թուրքիան չի բացում սահմանը գոնե դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Խաչատրյանը պատասխանեց․ «Մեր ԱԳ նախարարի տարբեր հայտարարություններ են լինում, որ նրանք պատրաստակամություն են հայտնում մեր ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակել։ Երբ կգան համաձայնության և կզեկուցեն իրենց ղեկավարությանը, կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ արդեն կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատման հարցը, սահմաներիի բացման խնդիրը։ Առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»։
Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան ի վերջո առանց նախապայամանների կխոսի Հայաստանի հետ, Խաչատրյանը պատասխանեց․ «Թուրքիան բազմից կրկնել է, որ առանց նախապայմանների է գնում այդ բանակցությունների նախատարաստմանը, դուք Թուրքիայի փոխարեն ինչու՞ եք խոսում։ Բայց նաև Թուրքիան ասում է, որ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ։ Մենք ասում ենք գնում ենք կարգավորման առանց նախապայմանների, ինքն էլ է ասում ՝ առանց նախապայմանների։ Երբ կլինի նախապայման՝ կդադարեցվեն շփումները»։
Հարցին, թե ինչու Հայաստանը չի գնում հարաբերությունների կարգավորման ցեղասպանության ճանաչման նախապայմանով, Խաչատրյանը պատասխանեց․ «Նախապայման չենք դնում, որովհետև պայմանավորվել ենք, առանց նախապայմանների։ Դա նշանակում է, որ եթե դիվանագիտական հարաբերությունները հաստատվեն, սահմանները բացվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք դադարելու ենք խոսել ցեղասպանությունից»։
«Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ոչ թե քննարկում են նախապայմաններ, նրանք քննարկում են ինչպես ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատարաստեն բանակցությունները ։ Բանակցությունները պիտի վերաբերեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը՝ առանց նախապայմանների։ Հետագայում կսկսվեն քննարկումներ։ Հիմա Արցախի հարցը մեջտեղ բերել նշանակում է տապալել քննարկումները, եթե ուզում ենք դուռը շրխկացնենք դուրս գանք, դա լավ ձև՞ է ։Օրինակ՝ ասում ենք՝ մինչև Արցախի անկախությունը չճանաչեք մեզ հետ գործ չունեք, ասում են շնորհակալութուն, մենք էլ դա ենք ուզում՝ գործ չենք ունենա։ Մենք ոչ թե պետք է մտածենք ինչ ենք ուզում, այլ պետք է մտածենք՝ ինչ հարց կարող ենք լուծել։Բայց հիմքում դնում ենք Արցախի ժողովրդի բոլոր իրավունքների երաշխավորումը»,- նշեց Խաչատրյանը։
«30 տարվա մեջ ոչ մի բանակցությունում չի քննարկվել Արցախի անկախության հարց, քննարկվել է կարգավիճակի հարց։ Անկախություն բառը չեք գտնի»,- ընդգծեց Խաչատրյանը։
«Մենք անկալում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է հասնել նրան, որ իր բոլոր հարևանների հետ ու նաև Թուրքիայի հետ ունենա դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ և բոլոր կնճռոտ հարցերը երկխոսությամբ ու փոխադարձ համաձայնությամբ լուծվեն։ Մեզ ժամանակ է պետք խաղաղվել, զարգանալ, հզորանալ ու Հայաստանը հեռու պահել ռազմական առճակատումներից»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե պատգմավորը կարծում է Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտա՞ն Հայաստանի զարգանալ, Խաչատրյանը պատասխանեց․ «Դուք կարծում եք՝ իրեն՞ք պետք է թույլ տան մեզ զարգանալ։ Իրենք տերտեր չեն, ես էլ իրենց հավատամ։ Ես հավատում եմ մեր կարողություններին»։