երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եթե Ռոբերտ Քոչարյանը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է. Աղվան Վարդանյան

Եթե Ռոբերտ Քոչարյանը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է. Աղվան Վարդանյան

Այն ամենից հետո, ինչ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ․ թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը ցույց կտա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, այնուհետեւ այն հայտարարությանը, թե հանրային լայն պահանջ չկա։

««Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ դիրքորոշումից։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. կա՞ այսօր նման բան։ Վերցրեք «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագիրը, որեւէ բան այդտեղ կա՞ իրականացրած կամ այն իրողությունները, որ կային այդ ծրագրում այսօր կա՞ն։ Իշխանությունը փորձեց փակել նաեւ սահմանադրական ճանապարհը, եթե սահմանադրական ճանապարհը փակում ես՝ լինելու են ցնցումներ, լինելու է հանրային ճնշում։

«Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը», բունկերում ասված խոսքն ավելի շուտ է իրականանում, ուրեմն լինելու է ճնշում, լինելու է այս վիճակի փոփոխության անհրաժեշտություն։ Սուտ ասելով, փակվելով իրենց սենյակներում հարյուրավոր ոստիկաններով եւ անվտանգության աշխատողներով դա ելք չի։ Իրենք այս երկիրը կործանել են, կործանման եզրին են հասցրել»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է եղել Ազգային ժողով, Վարդանյանն ասաց՝ եկել է ծանոթանալու. «Վաղուց չէի եղել Ազգային ժողովում։ Վերջին անգամ եղել էի 2018 թվականի մայիսի 1-ին։ Ուզում էի ծանոթանալ, որովհետեւ այս գումարման պատգամավորների երեւի 95 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից հետեւում եմ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից մի քանիսին ճանաչում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զգալի մասին ճանաչում եմ, հիմնականն «Իմ քայլի» պատգամավորների մասին է խոսքը։ Ինչ կարող եմ ասել, մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը հայկականության, մեր մշակութային որեւէ արժեքի հետ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի 3-4 հոգի կան, որ մտքի գիգանտներ են, ամեն մի արտահայտությունն ուշագրավ է, նրանց սփյուռքահայերն արեւմտահայերենով ասում են՝ անուշադիր, արեւելահայերենով դա դառնում է ապուշ, մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են, մի մասի ծնողներին եմ ճանաչում։ Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքում մեծացածների հոգեբանական վիճակը, մտորումներ, կարծիքները՝ ինչպես են կարողանում այս իրավիճակում շարունակել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակում։ Քանի որ ռազմական դրություն է, ուզում էի իմանալ՝ արդյոք բոլոր պատգամավորները զրահաբաճկոններո՞վ են։ Դեմքով քչերին եմ ճանաչում, հիմա կշրջեմ, կտեսնեմ, դասամիջոցն ավարտվի, սրիկաներին հանդիպելու ցանկություն չունեմ»։

Հարցին՝ արդյոք ընտրություններ չանցակցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը փոխե՞լ է Հայրենիքի փրկության շարժման որոշ ծրագրեր, Վարդանյանն ասաց.

«Վստահ եմ, որ տեղյակ եք նաեւ շարժման վերջին հայտարարություններին։ Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն նոր զարգացումներ, նոր մեթոդներ, շատ ավելի մեծ համախմբում։ Վստահ եղեք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը ի հակասություն «Իմ քայլի» տեսակետի՝ պահանջելու է  այս մարդու հրաժարականը։ Այս մարդը կամավոր չի գնալու, բայց կուղարկենք, հանգիստ եղեք»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Աղվան Վարդանյանն ասաց. «Բոլորդ լսել եք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, զուտ մի բան կարող ենք անել, համեմատել պարոն Քոչարյանի հարցազրույցները բունկերից կամ հրապարակային արած ելույթների հետ։ Պարոն Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել։ Վստահ եղեք, եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»։

Անդրադառնալով նախկինում արված իր այն հայտարարությանը, թե չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ արյուն է տեսնում, ասաց. «Սա նկատի ունեի։ Ես խոսել եմ նաեւ Արցախի մասին, ասել եմ՝ չեմ բացառում, որ սա անդառնալի ողբերգական հետեւանքներ է ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, որոնցից հարյուրավորներն այսօր Եռաբլուրում են, Արցախի իմ ժողովրդի համար, իմ պետականության համար։ Այլընտրանքը մեկն է՝ կամ այս բանը գնալու է ցանկացած ճանապարհով կամ Հայաստան չի լինելու»։

Աղբյուր` news.am

  • Կիսվել: